Կաշվե պատյանով սմարթֆոնները զուգարանակոնքից 7 անգամ ավելի կեղտոտ են

3 դեկտեմբերի, 2018  13:12

Բջջային հեռախոսները եւ սմարթֆոնները զուգարանակոնքերից 7 անգամ ավելի կեղտոտ են, հատկապես եթե ունեն պաշտպանական պատյաններ: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որն անցկացրել են Initial Washroom Hygiene ընկերության մասնագետները:

Նրանք տարբեր մակերեւույթներից նմուշներ են վերցրել եւ պարզել, որ բակտերիաներով, վիրուսներով եւ այլ ախտածիններով աղտոտվածության տեսակետից սմարթֆոններն անգամ ավելի կեղտոտ են, քան զուգարանակոնքի նստատեղերը: Սմարթֆոնի վրա 7 անգամ ավելի շատ բակտերիաներ կան, քան զուգարանակոնքի վրա, եւ հատկապես պոտենցիալ հիվանդածին միկրոօրգանիզմներ շատ կան սմարթֆոնների կաշվից, արհեստական կաշվից եւ պլաստիկից պատրաստված պատյանների վրա:

Գրասենյակների աշխատակիցների մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց 40 տոկոսը զուգարան է գնում հեռախոս հետը վերցնելով: Հենց այս պատճառով են գիտնականները նմուշներ վերցրել սմարթֆոնների մակերեւույթից եւ հատուկ լուսավորությամբ մանրադիտակով պարզել սարքերի վրա «բնակություն հաստատող» մանրէների մակարդակն ու բազմազանությունը: Համեմատության համար անցկացվել են զուգարանակոնքերի նստատեղերի նմուշների համանման չափումներ, որտեղ նույնպես մեծ թվով բակտերիաներ են բնակվում:

Աբերդինի համալսարանի հետազոտողները սմարթֆոնների վրա բազմաթիվ ամենատարբեր ախտածիններ են հայտնաբերել, սակայն լավ նորությունն այն է, որ ի տարբերություն հասարակական զուգարանների նստատեղերի, սմարթֆոնների վրա ապրում են մեր սեփական բակտերիաները: Հետեւաբար սմարթֆոնի պատճառով որեւէ հիվանդությամբ վարակվելու հավանականությունը շատ ավելի փոքր է: Իսկ հանրային վայրերում մենք ենթարկվում ենք այնպիսի բակտերիաների հետ շփվելու վտանգին, որոնք այնտեղ են թողնում այլ մարդիկ:

Հիշեցնենք, որ դեռեւս 2011 թվականին Լոնդոնի հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցի գիտնականները պարզել էին, որ յուրաքանչյուր 6-րդ սմարթֆոնը վարակված է կղանքային նյութերով, ներառյալ աղիքային ցուպիկի բակտերիաները, որոնք առաջացնում են սննդային թունավորումներ եւ փորացավեր: Իսկ անցյալ տարի համանման հետազոտությամբ հայտնաբերվել էր, որ սմարթֆոնների վրայի բակտերիաները կարող են իրենց տերերին տեսականորեն ստամոքսի ամենածանր խանգարումներով «պարգեւատրել»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում