✕

Երեխաների շրջանում ուշադրության դեֆիցիտի համախտանիշը կարող է ծրագրավորված լինել գեներում

3 դեկտեմբերի, 2018  23:45

Ուշադրության դեֆիցիտի եւ հիպերակտիվության համախտանիշը կարող է ծրագրավորված լինել գեներում: Այսպիսի եզրահանգում է կատարել գիտնականների միջազգային խումբը՝ Ուելսի Քարդիֆի համալսարանի պրոֆեսոր  Անիտա Թափարի ղեկավարությամբ:

Հետազոտության շրջանակում վերլուծվել են ուշադրության դեֆիցիտի եւ հիպերակտիվության համախտանիշով ավելի քան 20 հազար հիվանդների գենետիկ տվյալները: Դրանից բացի, գիտնականները դրանք համեմատել են ավելի քան 35 հազար մարդկանց տվյալների հետ, որոնց մոտ այս խանգարումն ախտորոշված չէր:  Արդյունքում փորձագետներին հաջողվել է տարբերություններ հայտնաբերել առաջին եւ երկրորդ խմբերում ընդգրկված փորձարկվողների գենոմի 12 հատվածներում:

Հանրագումարում դրանք 22 տոկոսով մեծացնում են ուշադրության դեֆիցիտի եւ հիպերակտիվության համախտանիշի զարգացման հավանականությունը: Ընդ որում՝ գիտնականները չեն բացառում այն հավանականությունը, որ իրականում իրավիճակը կարող է ավելի լուրջ լինել: Պարզվել է, որ ուշադրության դեֆիցիտի եւ հիպերակտիվության համախտանիշի գենետիկ գործոնը համահարաբերակցվում է դեպրեսիայի, ճարպակալման եւ 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման հավանականության հետ:

Սա նշանակում է, որ ուշադրության դեֆիցիտի եւ հիպերակտիվության համախտանիշի ախտորոշմամբ անձինք պետք է իրենց առողջությանն ավելի ուշադիր վերաբերվեն:

Հետազոտության արդյունքները ներկայացված են Nature Genetics գիտական ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում