Ամենահուզիչ նամակը Ձմեռ Պապին. Աղջիկը մեծ եղբոր համար երիկամ է խնդրել(ֆոտո)

5 դեկտեմբերի, 2018  14:10

Քեյթլին անունով փոքրիկ աղջիկը Ձմեռ Պապին հուզիչ նամակ է գրել, որում մեծ եղբոր համար երիկամ է խնդրել: Նամակը նա թողել է Lowe's Home Improvement խանութում, որտեղ Սանտայի նամակների համար հատուկ արկղ են տեղադրել:

Կանաչ, կապույտ եւ մանուշակագույն մատիտներով գրված նամակում ասվում է. «Թանկագին Սանտա, ոմանք չեն հավատում քո գոյությանը: Բայց ես հավատում եմ: Ամանորին ես միայն մի բան եմ ուզում, որ իմ եղբայրը փոխպատվաստման համար երիկամ ստանա: ԽՆԴՐՈՒՄ ԵՄ»:

Աղջիկը նշել է իր անունը՝ Քեյթլին, բայց նրա մասին այլ տվյալներ դեռ չկան: Նրա նամակը համացանցում մեծ տարածում է գտել եւ խանութի աշխատակիցները հույս ունեն գտնել աղջկան եւ օգնել նրանց ընտանիքին:

Խանութի մենեջեր Շելլի Թոմասը բրիտանական DailyMail.com-ին տված հարցազրույցում պատմել է, որ նամակը գտել է նոյեմբերիմ 23-ին:

«Մենք Սանտայի նամակի համար պատրաստի ձեւ ունենք, սակայն այս նամակը գրվել էր նկարչության համար թղթի հակառակ կողմում: Այն իսկապես հուզեց ինձ», - պատմել է մենեջերը:

Նրանք գործընկերներով նայել են խանութի  հսկիչ տեսախցիկի տեսագրությունները աղջկան կամ նրա ծնողներին գտնելու հույսով, բայց անարդյունք: Հետո նրանք որոշել են նամակի նկարը ֆեյսբուքում տեղադրել, որպեսզի նրանց բաժանորդները տարածեն այն եւ օգնեն գտնել Քեյթլինին:

Աղջկան դեռ չի հաջողվել գտնել, բայց խանութի աշխատակիցները հույսը չեն կորցնում: Անվան կողքին աղջիկը գրել է FL. հնարավոր է, դա նշանակում է, որ նրանք Ֆլորիդայից են:

«Ես մեծ հգույս ունեմ, որ կկարողանանք գտնել նրանց, օգնել, ցույց տալ, որ մեզ համար միեւնույն չէ», - ասել է մենեջերը: «Եթե ես ամբողջ պատմությունից հետո գոնե մեկ մարդ որպես դոնոր գրանցվի, նշանակում է՝ արժեր»:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում