Հայաստանում մոտ 80 տեսակի ծխախոտ է վաճառվում, սակայն դրանց որակը ոչ մի կերպ չի վերահսկվում։ Այս մասին մայիսի 30-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։
Նրա խոսքով՝ քանի որ մրցակցությունը շուկայում բավական մեծ է, ծխախոտ արտադրողները հաճախ թութունից բացի մի շարք այլ խոտատեսակներ են օգտագործում՝ ծխախոտի ինքնարժեքը նվազեցնելու համար։ Հայաստանում ոչ մի կերպ չի վերահսկվում վաճառվող ծխախոտների որակը, եւ նույնիսկ չի ստուգվում, թե արդյոք դրանց բաղադրությունը համապատասխանում է պիտակի վրա նշված բաղադրությանը։
Ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ Հայաստանում ծխախոտի գինը միջազգային գներից մոտ 5 անգամ ցածր է, իսկ ցածր գինը (ցածր տուրքերից բացի) նաեւ ցածր որակի հաշվին է։ Նա նաեւ ավելացրեց, որ Հայաստան ներմուծվող ծխախոտներից շատերն իրականում կեղծ են. շատ հայտնիծխախոտներ իսկական չեն, այլ արտադրված են չգիտես որտեղ, չգիտես ում կողմից եւ արժեն մոտ 5-10 անգամ ավելի քիչ, քան օրիգինալը։
Ահարոն Ադիբեկյանը նշեց նաեւ, որ ծխելը ամեն դեպքում վնասակար է մարդկանց համար, բայց Հայաստանում մարդիկ ոչ միայն ուղղակի ծխում են, այլ նաեւ շատ վատ որակի ծխախոտ են ծխում։
ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը նույնպես նշեց, որ ծխախոտի որակի եւ հիվանդությունների առաջացման ռիսկերի միջեւ ուղղակի կապ կա։
Նրա խոսքով՝ եթե մարդ ծխում է վատ որակի ծխախոտ, տարատեսակ հիվանդությունների առաջացման հավանականությունը աճում է։ Կան, օրինակ, Աֆրիկայում արտադրված ծխախոտներ, որոնք 90-95 տոկոս հավանականությամբ քաղցկեղ են առաջացնում։ Կան եւ այնպիսինները, որոնք անպայման սիրտ-անոթային հիվանդություններ են առաջացնում, պնդում է գլխավոր թոքաբանը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում