Մայիսի 31-ին նշում են առանց ծխախոտի համաշխարհային օրը։ Այս օրը հայտարարվել է դեռեւս 1988 Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից՝ Առողջապահության համաշխարհային 42-րդ վեհաժողովի ժամանակ։
Ամեն տարի առանց ծխախոտի համաշխարհային օրը անցկացվում է ինչ-որ նշանաբանով. այս տարի ԱՀԿ ընտրել է «Բարձրացնել ծխախոտի հարկերը» նշանաբանը՝ նշելով, որ հենց ծխախոտի գների բարձրացումը կօգնի նվազեցնել ծխախոտի օգտագործումը։ Ինչպես ցույց են տվել նրանց հետազոտությունները, եթե ծխախոտի գինը 10%-ով բարձրանա, ապա բարձր եկամուտ ունեցող երկրներում ծխախոտի ապառումը կնվազի 4%-ով, իսկ միջին եւ ցածր եկամուտ ունեցող երկրներում՝ 5%-ով։ Այդ պատճառով նմանատիպ գնային քաղաքականությունը ավելի արդյունավետ է, քան հազարավոր ակցիաները, որոնք քարոզում են ծխելուց հրաժարվելը։
Առանց ծխախոտի համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը պատմել է մի հետաքրքիր անեկդոտ.
«Ասում են, որ ծխող մարդու տուն գող չի մտնի, նրան երբեք շունը չի կծի ու նա երբեք չի ծերանա։ Այս ամենը ճիշտ է։ Ինչու՞։ Որովհետեւ ծխոխ մարդը ամբողջ գիշեր հազալու է, եւ հազիվ թե գողը մտնի արթուն մարդու տուն։ Մի քանի տարի անց նա թուլանալու է եւ սկսելու է ձեռնափայտով քայլել, ու դժվար թե շները մոտենան ձեռնափայտով մարդուն։ Եվ վերջապես, ծխող մարդը երբեք չի ծերանա, որովհետեւ նա երիտասարդ տարիքում է մահանալու»:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում