Կնոջ գանգի մի մասը հեռացրել են, քանի որ նրա գլխուղեղը իջնում էր դեպի ծոծրակ

14 դեկտեմբերի, 2018  15:19

Նյուքասլից 44-ամյա Էլիսոն Սթայլզ Ջոնսոնը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ, որի պատճառով նրա գլխուղեղը իջնում է դեպի ծոծրակ:

The Daily Mail-ը հաղորդում է, որ կնոջ մոտ ախտորոշված է Առնոլդ Կիարիի մալֆորմացիա, որի ժամանակ ուղեղիկի նշիկները իջնում են ծոծրակի մեծ անցքի մեջ՝ ճնշելով երկարավուն ուղեղը: Մինչ ախտորոշումը Էլիսոնը տառապում էր ուժեղ գլխացավերից:

Սկզբում կինը դա վերագրել էր գրիպից հետո բարդությանը, սակայն աստիճանաբար նրա տեսողությունը եւ խոսքը սկսել էին վատթարանալ:

«Ես չէի կարողանում նախադասությունն ավարտել: Այնպիսի զգացողություն էր, կարծես անընդհատ հարբած եմ: Իրականում իմ ուղեղը պարզապես կոտրում էր ողնաշարս», - պատմում է նա:

Առնոլդ Կիարիի մալֆորմացիա ախտորոշելուց 4 ամիս հետո կնոջը վիրահատել են: Բժիշկները ստիպված էին հեռացնել գանգի մի մասը, ինչպես նաեւ վզի մկանների մի մասը: Բժիշկները չեն թաքցնում, որ այս վիրահատությունը չի բուժում տվյալ հիվանդությունը եւ որոշակի վտանգներ է պարունակում: Այսպես՝ վիրաբուժական միջամտությունից հետո միայն հիվանդների 20 տոկոսի մոտ չի նկատվում ախտանշանների կրկնում: Իսկ շատերը վիրահատությունից հետո սկսում են տառապել անձի խանգարմամբ:

Չնայած դրան, Էլիսոնը կարողացել է ավարտել Սանդերլենդի համալսարանը եւ ամուսնանալ: Այս պահին նրա առողջական վիճակը թույլ չի տալիս աշխատել, բայց Էլիսոնը լիահույս է, որ կկարողանա վերադառնալ իր նախորդ կենսակերպին:

Առնոլդ Կիարիի մալֆորմացիայի հաճախությունը կազմում է 100 հազար բնակչի հաշվարկով 3.3-ից մինչեւ 8.2 դեպք, ընդ որում՝ հիվանդների միջին տարիքը 25-40 տարեկանն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում