Դուք մտածում եք ծխելուց հրաժարվելու մասին եւ Ձեզ մոտիվացիա՞ է պետք։ NEWS.am Medicine-ը ներկայացնում է մի քանի փաստեր եւ վիճակագրական տվյալներ, որոնք Ձեզ կօգնեն այս հարցում։
Ծխախոտն ամեն 10 վայրկյանում սպանում է մեկ մարդու
Պարզվել է, որ աշխարհում ամեն 10 վայրկյանում մեկ մարդ է մահանում ։ Ասում են, որ այս ցուցանիշը 2020թ ավելի կաճի եւ արդեն յուրաքանչյուր 3 վայրկյանում կմահանա 1 մարդ։ Հայաստանում ծխելու հետեւանքով ամեն տարի մահանում է 3000-4000 մարդ։ Բնականաբար բոլորը մտածում են, որ սա իրենց չի վերաբերում եւ իրենց հետ երբեք նման բան չի լինի. այդ 3000 էլ էր այդպես մտածում։
Ցանկալի է թողնել ծխելը մինչեւ 30-35 տարեկան
Մասնագետները հաստատել են, որ ցանկալի է թողնել ծխելը մինչեւ 30-35 տարեկան, ամենաշատը՝ 40, քանի որ այդ ժամանակ օրգանիզմը դեռ ի վիճակի է կոմպենսացնել ծխախոտի հասցրած վնասը, եւ Դուք հետագայում առողջ ապրելու հնարավորություն կունենաք։
Ավելի լավ է թողնել ծխելը մինչեւ հիվանդությունների ի հայտ գալը
Պետք չէ սպասել հիվանդությունների ի հայտ գալուն՝ ծխելուց հրաժարվելու համար, քանի որ այդ դեպքում միգուցե շատ ուշ լինի։ Հայաստանի գլխավոր թոքաբանը ասել է, որ իր հիվանդներից մեկը, ով 40 տարի օրական ծխել է 4 տուփ ծխախոտ, զարմացած հարցրել է. «Բժիշկ, ես արդեն 3 ամիս է ինչ չեմ ծխում, ինչու՞ չեմ ապաքինվում»։ Բժիշկը պատասխանել է, որ եթե մարդն արդեն այրել է իր տունը, հազիվ թե կարելի է ակնկալել, որ այն կվերականգնվի, անգամ եթե նա դադարի կրակի տալ տունը»։
Ձեր ծխելով Դուք վնասում եք նաեւ Ձեր երեխաներին
Երեխաների մոտ հաճախակի հանդիպող բրոնխիալ ասթմայի եւ այլ հիվանդությունների հիմնական պատճառը ծխող ծնողներն են։ Ի դեպ, ամեն տարի 600 000 մարդ մահանում է պասիվ ծխելու հետեւանքով։
Ծխելը ազդում է սեռական առողջության վրա
Ծխելը բացասաբար է ազդում տղամարդու էրեկտիլ ֆունկցիայի եւ սերմնահեղուկի վրա (http://med.news.am/arm/news/1825/kak-kurenie-deiystvuet-na-libido-i-erekciyu-u-muzhchin.html)։ Ծխախոտը նաեւ կրճատում է տեստոստերոնի մակարդակը՝ նվազեցնելով նրա առնականությունը։
Վատ ծխախոտը կրկնակի վնասակար է
Ծխախոտի մեջ բացի թութունից կան նաեւ այլ խոտաբույսեր, որոնցից շատերը նույնքան վնասակար են, ինչքան նիկոտինը։ Արտադրողները իրենց ապրանքի գինը իջեցնելու համար հաճախ ավելացնում են այդպիսի թունավոր խոտաբույսեր։ Թե ինչպես են այդ խոտաբույսերը ազդում Ձեր առողջության վրա, նրանց բնականաբար չի մտահոգում։
Հայաստանում ծխախոտի որակը ոչ մի կերպ չի վերահսկվում, այնպես որ մտածեք, թե ինչ իր մեջ պարունակում է այն ծխախոտը, որը Դուք պատրաստվում եք մոտեցնել Ձեր շուրթերին։
Ծխելը մեծացնում է քաղցկեղային հիվանդությունների վտանգը
Ծխելը մի շարք հիվանդությունների առաջացման վտանգներից մեկն է, եւ դրանց շարքում հատկապես մեծ տեղ են զբաղեցնում քաղցկեղային հիվանդությունները։ Հայաստանում քաղցկեղային հիվանդություններ ունեցող յուրաքանչյուր երրորդ տղամարդ տառապում է հենց թոքերի քաղցկեղով, ինչը հիմնականում առաջանում է ծխելուց։
Եթե վերոհիշյալ բոլոր փաստերը բավարար չեն հենց հիմա ծխելուց հրաժարվելու համար, ապա կարդացեք մեր՝ «Տասը հիմնավոր պատճառ ծխելուց հրաժարվելու համար» նյութը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում