Ծխելու 20-ամյա ստաժ ունեցողները պետք է թոքերի քաղցկեղի հետ կապված հետազոտվեն. մասնագետ

25 դեկտեմբերի, 2018  14:17

Ծխելու 20-ամյա ստաժը թոքերի քաղցկեղի զարգացման հավանականության հետ կապված հետազոտություն անցնելու պատճառ է: Դեկտեմբերի 25-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ճառագայթային թերապիայի բաժանմունքի վարիչ Հովհաննես Վարդեւանյանը:

Փորձագետը նշեց նաեւ պասիվ ծխելու վտանգների մասին, քանի որ տվյալ դեպքում պասիվ ծխողի օրգանիզմը նույն վնասակար նյութերի (նիկոտին եւ այլն) ազդեցությանն է ենթարկվում: Հատուկ վտանգ է ներկայացնում կանոնավոր բնույթ կրող պասիվ ծխելը:

Վարդեւանյանն ուշադրություն դարձրեց այն փաստին, որ ծխելը մեծ դերակատարում ունի սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման մեջ: Դրանից բացի, ծխախոտից կախվածությունն անդրադառնում է ոչ միայն թոքերի քաղցկեղի զարգացման վրա, այլեւ միզապարկի եւ կերակրափողի քաղցկեղի:

Նրա խոսքով՝ թոքերի մեջ չարորակ նորագոյացությունների կանխարգելման լավագույն մեթոդը ծխելուց ամբողջությամբ հրաժարվելն է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ ծխախոտն ամեն տարի դառնում է մահվան 7 մլն դեպքերի պատճառը, որոնցից ավելի քան  6 մլն դեպքերը տեղի են ունենում ծխողների կամ նախկին ծխողների շրջանում, եւ ավելի քան 890 հազարը՝ չծխողների շրջանում, որոնք ենթարկվում են ծխախոտի ծխի երկրորդական ազդեցությանը: Եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն, ապա, ինչպես նշում է ԱՀԿ-ն, 2030 թվականին մահվան ամենամյա դեպքերը կարող են 8 միլիոնից անցնել:

Աշխարհում 1 մլրդ ծխողների գրեթե 80 տոկոսը բնակվում է եկամտի ցածր եւ միջին մակարդակով երկրներում: Ծխախոտը սպանում է այն օգտագործողներից մինչեւ կեսին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում