Գիտնականներին հաջողվել է լաբորատորիայում մարդու կատարյալ արյունատար անոթներ ստեղծել

18 հունվարի, 2019  18:33

Գիտնականներին հաջողվել է լաբորատոր պայմաններում, ինչպես փորձագետներն են նշում, մարդու կատարյալ արյունատար անոթներ ստեղծել: Գիտության այս առաջընթացը արյունատար համակարգի հիվանդությունների հետազոտության, ինչպես նաեւ նոր դեղերի թեստավորման տեսանկյունից կարեւոր նշանակություն ունի:

Հետազոտության հեղինակներից մեկի՝ Բրիտանական Կոլումբիայի համալսարանի տնօրեն Ջոզեֆ Պենինգերի խոսքով՝ հայտնագործությունը էական ազդեցություն կունենա մի շարք հիվանդությունների զարգացման պատճառների ուսումնասիրությունում, ինչպես նաեւ թույլ կտա ավելի լավ ուսումնասիրել վերքերի ապաքինման խնդիրները:

Մարդու արյունատար անոթների օրգանոիդները (եռաչափ բջջային կուլտուրաները) գիտնականների կողմից աճեցվել են Պետրիի ամանում՝ ցողունային բջիջների հիման վրա: Դրանք մկներին փոխպատվաստելով գիտնականները մարդու գործող արյունատար անոթներ են ստացել, այդ թվում նաեւ զարկերակներ եւ մազանոթներ: Սա իր հերթին նոր հեռանկարներ է ստեղծել մարդու արյունատար անոթներում փոփոխությունների կանխման եւ հետազոտության ուղղությունում:

Մասնագետները նշում են, որ աճեցված օրգանոիդներն անգամ մոլեկուլյար մակարդակում  շատ նման են մարդու մազանոթներին, ինչը նրանց կիրառումը հնարավոր է դարձնում անմիջապես մարդու հյուսվածքներում արյունատար անոթներների հիվանդությունների ուսումնասիրության ժամանակ:

Հետազոտությունը հրապարակվել է Natural գիտական ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում