Տեսողության հետ ի՞նչ կարող է անել ծխելը

18 փետրվարի, 2019  19:55

Շատ ծխող մարդիկ ենթակա են տեսողությունը կորցնելու վտանգին, նախազգուշացնում են ԱՄՆ Rutgers University-ի գիտնականները:

Նրանց խոսքով՝ թունդ ծխողները, որոնք օրական ծխում են 20 ծխախոտից ավելի, կարող են բախվել տեսողության լուրջ վնասվածքների:

Հետազոտության հեղինակները հետեւել են 71 առողջ մարդկանց, որոնք ամբողջ կյանքում ծխել են 15 ծխախոտից քիչ, եւ 63 մարդու, որոնք օրական ծխել են 20 եւ ավելի ծխախոտ: Հետազոտության մասնակիցների տարիքը կազմել է 25-ից մինչեւ 45 տարեկան, բոլորի մոտ դիտվել է նորմալ տեսողություն:

Հետագա դիտարկումները ցույց են տվել ծխողների գունավոր տեսողության զգալի փոփոխություններ: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ ծխախոտի մեջ պարունակվող նյութերին նման նեյրոտոքսիկ նյութերով սուբստանցիայի գործածումը կարող է առաջացնել գունավոր տեսողության կորուստ: Հայտնաբերվել է նաեւ, որ չծխող մարդկանց համեմատությամբ՝ ծխողների շրջանում նվազում է կոնտրաստներն ու գույները տարբերակելու ունակությունը:

Հետազոտության հեղինակները նշում են, որ ծխախոտի ծուխը կազմված է առողջության համար վնասակար բազմաթիվ բաղադրիչներից: Այն կապված է ուղեղի շերտերի խտության նվազման հետ, ներառյալ ճակատային կեղեւի գոտին, որը կարեւոր դերակատարում ունի կամայական շարժումների եւ մտավոր վերահսկման համար,  ինչպես նաեւ տեսողության համար պատասխանատու ուղեղի հատվածի ակտիվության նվազումը: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ծխելը 2 անգամ մեծացնում է տարիքային մակուլոդիստրոֆիայի զարգացման հավանականությունը: Ծխախոտի ծուխը բյուրեղիկի դեղնություն եւ բորբոքային պրոցեսներ առաջացնող գործոն է: Իսկ նոր հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ ծխելն ազդում է նաեւ վիզուալ ընկալման առանձնահատկությունների վրա եւ տեսողությունը վատթարացնում է:

Նշենք, որ միայն ԱՄՆ-ում շարունակում են ծխել մոտ 35 մլն մեծահասակ բնակիչներ, եւ ավելի քան 16 մլն-ն ունի ծխելու հետ կապված հիվանդություններ, որոնցից շատերը վերաբերում են սիրտ-անոթային համակարգին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում