Դանիացի գիտնականները ծավալուն հետազոտություն են անցկացրել, որն ապացուցել է, որ կարմրուկի, համաճարակային պարոտիտի եւ կամրախտի դեմ համակցված պատվաստանյութը (MMR) երեխաների մոտ աուտիզմ չի առաջացնում:
Հետազոտության շրջանակում վերլուծվել են 1999-ից 2010 թվականներին Դանիայում ծնված ավելի քան 657 հազար երեխաների բժշկական տվյալները: Նրանց 95 տոկոսից ավելին MMR պատվաստում են ստացել: Դրանից բացի, հետազոտության մեջ ընդգրկված 6517 երեխաների մոտ ախտորոշվել են աուտիկ սպեկտրի խանգարումներ:
Կոպենհագենի Statens Serum հետազոտական ինստիտուտի մասնագետները ուշադրություն են դարձրել աուտիկ սպեկտրի խանգարումների ռիսկի այնպիսի գործոններին, ինչպես վաղաժամ ծննդաբերությունը, հղիության ժամանակ մոր ծխելը եւ այլն:
Հետազոտությունը ցույց է տվել, որ MMR-ն չի մեծացնում աուտիզմի զարգացման հավանականությունը, ընդ որում՝ խոսքն ինչպես առողջ, այնպես էլ աուտիկ սպեկտրի խանգարումների նախահակվածություն ունեցող երեխաների մասին է: Միաժամանակ, 1999-ից 2001 թվականներին ծնված եւ MMR պատվաստում ստացած աղջիկների շրջանում աուտիզմի հավանականությունը նույնիսկ նվազած էր:
Հետազոտության արդյունքների վերաբերյալ գիտական հոդվածը հրապարակվել է Annals of Internal Medicine ամսագրում:
Նշենք, որ 1998 թվականին բրիտանացի բժիշկ Էնդրյու Ուեյքֆիլդը The Lancet բժշկական ամսագրում հետազոտություն էր հրապարակել, որում պնդում էր, որ MMR-ն երեխաների մոտ աուտիզմի զարգացման հավանականությունը մեծացնում է: Սակայն դրան հաջորդած քննություններով պարզվել էր, որ նա իր հետազոտության հիմքը դարձած տեղեկությունները խեղաթյուրել էր: 2010 թվականին Ուեյքֆիլդը զրկվել էր բժշկական լիցենզիայից, իսկ 2011 թվականին The Lancet-ը այդ հոդվածի հրապարակումը հետ էր կանչել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում