Երեւանում ընթանում է երկրորդ միջազգային բժշկական գիտաժողովը «Բուժման արդիական մեթոդների կիրառումը մանկաբարձությունում եւ գինեկոլոգիայում» թեմայով։ Գիտաժողովի շեշտը դրված է այնպիսի գինեկոլոգիական հարցերի վրա, ինչպիսիք են կեսարյան հատումը եւ արգանդի հեռացումը հեշտոցային էքստիրպացիայի 10 քայլերի միջոցով։
Այս գիտական ֆորումին մասնակցում են Մանկաբարձների եւ գինեկոլոգների միջազգային ասոցիացիայի անդամներ Հայաստանից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից եւ ԱՄՆ-ից։ Ներկա են ինչպես հատնի բժիշկներ, այնպես էլ երիտասարդ հայ մասնագետներ։
Հիմնական բանախոսներն են արտասահմանից ժամանած Մայքլ Սթարքը եւ Էրիկ Ժանիոն։ Սթարքը, ով գործունեություն է ծավալում Իսրայելում, եւ համարվում է կեսարյան հատման մեջ հեղաշրջում կատարած մարդ, ներկայացրել է իր մեթոդիկան։
Ըստ նրա՝ գիտական վիրաբուժությունը արդեն 300 տարի է ինչ գոյություն ունի եւ մոտավորապես նույնքան էլ մանկաբարձությունն ու գինեկոլոգիան. այս ժամանակահատվածում ներդրվել են առաջին հայացքից սովորական թվացող կեսարյան հատման ավելի քան 600 մոդիֆիկացիաներ։ Բայց սա դեռ ամենը չէ։
Վաղվանից արտասահմանից եկած մասնագետները կանցկացնեն նաեւ պրակտիկ վարպետության դասեր. Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում վիրահատություններ կանցկացվեն վերը նշված թեմաներով։
«Յուրաքանչյուր գիտաժողով ավելացնում է այս կամ այն խնդրի հանդեպ հետաքրքրությունը, եւ խթան է հանդիսանում երիտասարդ բժիշկների համար՝ նրանց համեմատելու հնարավորություն տալով եւ դրդելով նոր գաղափարների։ Կարծիք կա, որ վիրաբուժությունը դանակ եւ ասեղ է, բայց ամենից առաջ այն մտածողություն է»,-ասաց Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի փոխտնօրեն Արմեն Բլբուլյանը NEWS.am Medicine-ի թղթակցին։
«Նման գիտաժողովների ժամանակ, ասես, ինքդ քեզ քննություն հանձնես. համեմատում ես մանկաբարձությունը եւ գինեկոլոգիան Հայաստանում եւ արտասահմանում։ Եվ կարող եմ ասել, որ մեզ մոտ բժշկության այս բնագավառը բավականին լավ հիմքերի վրա է դրված»,-ասաց Հայաստանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, մանկաբարձ-գինեկոլոգների եւ նեոնատոլոգների ասոցիացիայի նախագահ Ռազմիկ Աբրահամյանը։
Գիտաժողովը կազմակերպել են Հայաստանի առողջապահության նախարարությունը, Երեւանի պետական բժշկական համալսարանը, Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը եւ Հայաստանի մակաբարձ-գինեկոլոգների եւ նեոնատոլոգների ասոցիացիան։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում