Օդը մաքրող նոր զտիչը կկարողանա ոչնչացնել բակտերիաների եւ վիրուսների մեծ մասը

15 ապրիլի, 2019  20:29

Օդը մաքրող նոր զտիչը ռեկորդային ժամանակում կոչնչացնի օդում առկա բակտերիաների եւ վիրուսների 99,9 տոկոսը։ Այդ զտիչները կարող են դառնալ օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վտանգավոր վարակների դեմ պայքարի բանալին։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, համակարգն օգտագործում է այսպես կոչված ոչթերմիկ պլազմա՝ նյութ, որը հանգեցնում է ազատ ռադիկալների առաջացման։ Այդ մոլեկուլները ռեակցիայի մեջ են մտնում սովորական թթվածնի հետ՝ օզոն ձեւավորելով։

Օզոնը, ինչպես հայտնի է, ունի հակաբակտերիալ հատկություն եւ ոչնչացնում է պաթոգենները՝ քայքայելով բակտերիաների բջջային թաղանթները։ Հայտնի է, որ այն սպանում է աղիքային ցուպիկի  բակտերիաների 95 տոկոսը 10 վայրկյանում։ Իսկ վերջերս պարզվել է, որ օզոնը ոչնչացնում է նաեւ վիրուսների 99,9 տոկոսը ընդամենը քառորդ վայրկյանում։ Հետազոտողների կարծիքով՝ օզոնով մշակումը հնարավորություն կտա կասեցնել վտանգավոր վարակների տարածումը։

Այժմ Միչիգանի համալսարանի աշխատակիցները փորձում են ստեղծել հակաբակտերիալ դիմակի նման մի բան, որը կարող է կրել ցանկացած մարդ։ Դա ավելի արդյունավետ մոտեցում է օդափոխման եւ օդորակման համակարգերում հակաբակտերիալ զտիչների համեմատ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում