Երեք ծնողներից սաղմեր ստեղծած բժիշկը ցանկանում է դրանք տեղադրել 4 կանանց արգանդի մեջ

19 ապրիլի, 2019  18:14

Կոլումբիայի համալսարանից բժիշկ Դիտրիխ Էգլեն, որը երեք ծնողներից սաղմեր է ստեղծել, պատրաստ է հաջորդ քայլին՝ նա ցանկանում է ստացած սաղմերը փոխպատվաստել 4 կանանց արգանդների մեջ: Սա իրականացնելուն նրան առայժմ խանգարում է օրենսդրությունը:

Չինացի գիտնականները վերջերս հայտարարել էին, որ «մոդիֆիկացված» սաղմերից իրենց մոտ արդեն ծնվել են առողջ երկվորյակ աղջիկներ: Իսկ ԱՄՆ-ում գիտնականները դեռեւս չեն կարողանում դա կատարել. 2015 թվականին ընդունված օրենքն արգելում է սաղմերի ցանկացած գենետիկ մոդիֆիկացիա: Էթիկայի հարցով Հարվարդի գիտաժողովում Դիտրիխ Էգլեն նշել է, որ իր ստեղծած սաղմերը կսառեցվեն մինչեւ հարմար ժամանակներ:

Նյու Յորքից գիտնականը փորձում է CRISPR գենոմի խմբագրման համակարգի օգտագործմամբ խմբագրել մարդկային սաղմերի ԴՆԹ-ն: Ուշագրավ է, որ բժիշկ Էգլեն չինացի գործընկերների աշխատանքն անվանել է «գենետիկ վանդալիզմ», ընդ որում՝ նա շեշտում է, որ իր փորձերն ամբողջությամբ ու լիովին նախատեսված են գիտական նպատակների եւ ամբողջ միջամտության անվտանգությունը պարզելու համար:

Գիտնականն առայժմ, իր իսկ խոսքով, սաղմերը ոչնչացնում է դրանք ստեղծելուց ընդամենը մեկ օր հետո, բայց որպեսզի վերջնականապես համոզվի ամբողջ միջամտության անվտանգության հարցում, ստիպված կլինի այս սաղմերին գոյատեւելու ավելի երկար ժամանակահատված տալ: Իսկ հենց սա էլ արդեն լուրջ էթիկական մտավախություններ է առաջացնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում