Ճարպակալումը ուղեղի համար վտանգավոր է. հետազոտություն

24 ապրիլի, 2019  21:30

Պարզվել է, որ ճարպակալումն ազդում է ոչ միայն առողջական վիճակի, այլ նաեւ ուղեղի վրա. ուղեղի սքանավորումը ցույց է տվել, թե ճարպակալման զարգացման հետեւանքով ուղեղում ինչ փոփոխություններ են տեղի ունենում: Պարզվել է, որ ավելորդ կիլոգրամներով մարդկանց ուղեղում գորշ եւ սպիտակ նյութի ծավալները ավելի փոքր են: Leiden University Medical Center-ի գիտնականների խոսքով՝ սա վկայում է նյարդային բջիջների կորստի եւ նյարդային ազդակների փոխացման խանգարման մասին:

Ճարպակալման եւ ուղեղում փոփոխությունների միջեւ կապը կարելի է բացատրել այն հանգամանքով, որ ճարպակալումն առաջացնում է ուղեղի հյուսվածքները վնասող բորբոքում:

Գորշ նյութը կապված է պարգեւատրման կենտրոնի աշխատանքի հետ: Դրա նվազած քանակությունը կարող է բացատրել, թե ճարպակալմամբ մարդկանց համար ինչու է այդքան դժվար քաշի վերահսկումը, համեղ կերակուրից հրաժարվելը:

Գիտնականներն ընդհանուր առմամբ վերլուծել են 12087 մարդու ուղեղի սքանավորման արդյունքները: Պարզվել է՝ ճարպային հյուսվածքի մեծ քանակությամբ տղամարդկանց ուղեղում գորշ նյութի ծավալը նվազած էր: Նրանց մոտ վնասվածքներ են դիտվել նաեւ շարժման ու պարգեւատրման համակարգերի հետո կապված կառուցվածքներում:

Իսկ գեր կանանց դեպքում ակտիվությունը նվազած էր գունատ գնդում, որը շարժումների համաձայնեցումը կարգավորող կառուցվածքն է:

Երկու սեռերի ներկայացուցիչների մոտ էլ ճարպակալումը մեծացրել է ուղեղի սպիտակ նյութում փոփոխությունների առաջացման հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում