Սուպերհերոսները կարող են բացասաբար ազդել մանկական հոգեկան կառուցվածքի վրա. հետազոտություն

2 մայիսի, 2019  12:00

Հանրահայտ կոմիքսների հերոսները կարող են բացասաբար ազդել մանկական հոգեկան կառուցվածքի վրա: Evolutionary Behavioral Sciences ամսագրում հրապարակված հետազոտությունների համաձայն՝ սուպերհերոսների կազմվածքի համամասնությունները կարող են խեղաթյուրել սովորական մարդու մարմնի մասին երեխայի ընկալումը՝ նրան ներշնչելով գեղեցկության պատրանքային իդեալներ:

Գիտնականները հետազոտության շրջանակում վերլուծել են Marvel-ի կոմիքսների 3752 հերոսների մարմնի կազմվածքների համամասնությունները եւ ինդեքսները: Պարզվել է, որ երկու սեռի հերոսների իրանի շրջագծի ցուցանիշները աղավաղված են. սուպերհերոսների իրանը փաստացի 2 անգամ բարակ է սովորական մարդու իրանից: Գիտնականների կարծիքով՝ սա կարող է երեխայի գիտակցության մեջ առողջ մարմնի եւ գեղեցկության իդեալի մասին սխալ պատկերացումներ ստեղծել: Այսպիսով, երկարաժամկետ հեռանկարում աղավաղվում է առնականության եւ կանացիության վերաբերյալ երեխայի ընկալումը:

Ուշագրավ է, որ եթե սովորական մարդն ունենար նույնպիսի չափազանց բարակ իրան, ինչպես սուպերհերոսները, ապա նրա մարմինը գործնականում չէր կարողանա գործել:

Այն, որ կոմիքսների հիման վրա սուպերհերոսների մասին ֆիլմեր են նկարահանվում, երեխայի վրա ներգործելու եւս մեկ մեխանիզմ է: Փորձագետները ուշադրություն են դարձնում, որ տեսաշարը մշակվում է ճակատային հատվածի շրջանցմամբ, որը պատասխանատու է նաեւ հիշողության, դատողության եւ որոշումներ ընդունելու համար: Մինչդեռ ընթերցելիս հակառակ պրոցեսն է կատարվում, որի շնորհիվ երեխան կարող է վերլուծել ստացած տեղեկությունները՝ իրականությունը ֆանտաստիկայից տարանջատելով:

Սրա հետ կապված գիտնականները ծնողներին խորհուրդ են տալիս երեխաների հետ ավելի շատ զրուցել առողջ մարմնի ասպեկտների մասին, ինչը երեխաներին կօգնի սուպերհերոսների կազմվածքը չընկալել որպես իդեալ, որին պետք է ձգտել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում