Պիցան եւ կարտոֆիլի չիփսերը 62 տոկոսով մեծացնում են վաղաժամ մահվան ռիսկը. հետազոտություն

1 հունիսի, 2019  16:40

Գիտնականները հաստատել են գերվերամշակված մթերքների վնասակարությունը մարդու առողջության համար։ Նավարայի համալսարանի հետազոտության համաձայն, որը հրապարակվել է BMJ ամսագրում, ամենօրյա սննդի մեջ այս կարգի մթերքների հինգ եւ ավելի չափաբաժինների օգտագործումը 62 տոկոսով բարձրացնում է մահվան ռիսկը։

Գերվերամշակված մթերքների կարգի մեջ ներառված են պիցան, կարտոֆիլի չիփսերը, շոկոլադը, ալկոհոլային ըմպելիքները, պաղպաղակը, նախաճաշի փաթիլները, սառեցված կիսաֆաբրիկատները եւ այլն։ Դրանց բաղադրության մեջ կան կոնսերվանտներ, քաղցրացնող ու գույնը խտացնող նյութեր։

BMJ-ն հրապարակել է նաեւ Փարիզի եւ Մոնպելիեի համալսարանների գիտնականների հետազոտությունը, որի շրջանակում ուսումնասիրվել է ավելի քան 105 100 մեծահասակի սննդակարգը։ Դիտարկումը կատարվել է հինգ տարվա ընթացքում։ Պարզվել է, որ 10 տոկոսով գերվերամշակված մթերքների բաժնի ավելացումը 12 տոկոսով ավելացրել է սրտանոթային հիվանդությունների դեպքերի թիվը։

Պրոֆեսոր Մայրա Բեդ-Ռաստրոլոն Նավարայի համալսարանից նշում է, որ գերվերամշակված մթերքները պարունակում են սակավ սննդարար նյութեր եւ բջջանյութեր եւ նպաստում են քաշի ավելացմանն ու շատ ուտելուն։

Գիտնականները խորհուրդ են տալիս հետեւել միջերկրածովյան դիետային, որը հարուստ է բանջարեղեններով, ձկով, մրգերով, ընկույզներով։ Սրտի բրիտանական ֆոնդի ավագ դիետոլոգ Վիկտորյա Թեյլորը նշում է, որ դա, ֆիզիկական ակտիվության եւ ծխելուց հրաժարվելու հետ մեկտեղ, կարող է նպաստել սրտանոթային հիվանդությունների ռիսկի նվազմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում