Մերսում. Ի՞նչ հիվանդություններ հնարավոր է բուժել դրա օգնությամբ

19 հունիսի, 2014  20:39

Մերսումը կարող է լինել ոչ միայն հաճելի, այլեւ օգտակար։ Հունիսի 19-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ֆիզիոթերապեւտ, մանուալիստ, ակադեմիկոս Գագիկ Կարապետյանը պատմեց լրագրողներին այն մասին, թե ինչ հիվանդություններ է հնարավոր բուժել գրագետ մերսման օգնությամբ։

«Մերսումը ոչ ավանդական բժշկության ամենահզոր ուղղություններից մեկն է, եւ գրեթե չկա հիվանդություն, որը հնարավոր չէ բուժել այդ ճանապարհով», - ասաց նա։

Առաջին հերթին, մերսումը կարող է շատ օգտակար լինել ողնաշարի եւ հենաշարժական ապարատի հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար. ճիշտ մերսման օգնությամբ հնարավոր է պայքարել ողնաշարային ռադիկուլիտների, հենաշարժողական ապարատի տարատեսակ շեղումների, օստեոխոնդրոզների եւ մի շարք այլ խնդիրների դեմ։

Բացի ողնաշարային խնդիրներից, մերսումը կարող է նաեւ օգտակար լինել տարատեսակ սիրտ-անոթային, ստամոքս-աղիքային, գլխուղեղի սնուցման, տեսողություն, արյան շրջանառություն (տախիկարդիա եւ այլն) եւ որոշ մաշկային հիվանդությունների ժամանակ։ Այն նաեւ կարող է լավ միջոց լինել՝ սթրեսներից ազատվելու եւ նյարդերը հանգստացնելու համար։

Բնական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բժիշկ- թերապեւտ, ռեֆլեքսոթերապեւտ Ռուզաննա Հարությունյանը իր հերթին նշեց, որ շատ կարեւոր է նաեւ մերսողը, նրա գիտական մակարդակը եւ մոտեցումը հիվանդին եւ նրա խնդիրներին։

«Մերսումը բուժական մեթոդ է սեղմումի միջոցով, եւ կարեւոր է, թե բժիշկը ինչ չափով է սեղմում, որ ողի վրա ինչպես է աշխատում», - նշեց Ռուզաննա Հարությունյանը, ավելացնելով, որ ճիշտ աշխատանքի դեպքում նույնիսկ հնարավոր է «մաշել» խպիպը, թութքը, շագանակագեղձի տարատեսակ խնդիրները լուծել եւ այլն։

Մյուս կողմից, սխալ եւ ոչ գրագետ մերսումը կարող է նաեւ վնաս պատճառել։ Այդ պատճառով, Հարությունյանի կարծիքով, նման մեթոդներով աշխատող բժիշկը պետք է ճանաչի հիվանդին, իսկ մեկ օրգանը բուժելիս պետք է տեղյակ լինի բոլոր մյուս օրգանների վիճակի մասին, որպեսզի խնդիրներ չառաջանան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում