ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի բնակչուհիներից մեկի կյանքը վիրաբուժական սխալի պատճառով մղձավանջի է վերածվել:
2007թ.-ին, այն ժամանակ դեռ 56-ամյա Քերոլ Քրիչֆիլդը Simi Valley հիվանդանոցին էր դիմել` ստանդարտ արգանդազերծման եւ միզապարկի վիրահատության համար: Վիրաբուժական միջամտությունից երեք օր անց, չդիմանալով հետվիրահատական ցավերին, Քերոլը, ամուսնու ուղեկցությամբ, հիվանդանոց է վերադարձել, սակայն բժիշկները հավաստիացրել են, թե ոչ մի լուրջ բան չկա, հաղորդում է NewsMax Health-ը:
«Նրանք ինձ ռենտգեն հետազոտության տարան եւ ամեն ինչ փորկապության վրա գցելով` տուն ուղարկեցին: Մեկ տարի էլ չէր անցել` թուլություն եւ տեսողության կորուստ զգացի եւ ստիպված եղա շտապ օգնություն կանչել», - պատմել է Քերոլը:
Սակայն այս անգամ էլ նրան հավաստիացրել են, թե լուրջ ոչինչ չկա` երեւի կծու է կերել: Իսկ ավելի ուշ` 2011թ.-ին, ախտանշաններին արյունահոսությունն է ավելացել: Բժիշկները, կասկածելով, թե կիստա ունի, հեռացրել են նրա ձվարանները եւ վիրահատության ընթացքում պարզել, որ նախորդ վիրաբուժական միջամտության ընթացքում գործընկերները սպունգ են մոռացել Քերոլի որովայնում: Այն արդեն հասցրել էր այնպիսի հյուսվածքային կապի մեջ մտնել կնոջ օրգանների հետ, որ բժիշկները ստիպված են եղել նրա աղիքների նշանակալի մասը օտարածին իրի հետ միասին հեռացնել օրգանիզմից:
Ներկայումս տուժածը դատական հայց է ներկայացրել հիվանդանոցի, բժիշկների եւ նախկին հետազոտություններն անցկացրած ռադիոլոգների դեմ: ԱՄՆ-ի առողջապահության դեպարտամենտն իր հերթին 75 հազար դոլարի չափով տուգանել է հիվանդանոցին` Քերոլի եւ մեկ այլ հիվանդի նկատմամբ թույլ տրված բժշկական սխալի համար, որի պարագայում էլ 20 սմ երկարությամբ վիրաբուժական մամլիչ էր մոռացվել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում