Գիտնականները գտել են «կրիտիկական օրերին» ցավը մեղմելու պարզ միջոց

8 հուլիսի, 2019  09:37

Հետազոտողների միջազգային խմբին հաջողվել է հայտնաբերել դաշտանային ցիկլի ժամանակ ցավի դեմ պայքարի պարզ միջոց:

Հետազոտությանը ներգրավվել է 18-ից մինչեւ 43 տարեկան 70 կին, որոնց մոտ առկա էր առաջնային դիսմենորեա (ցիկլիկ պրոցես, որի դեպքում դաշտանի օրերին փորի ստորին հատվածում արտահայտված ցավեր են առաջանում): Կամավորներին բաժանել են երկու խմբի: Առաջին խմբի փորձարկվողները «կրիտիկական օրերի» ավարտից հետո հաջորդ օրն իսկ պետք է զբաղվեին աերոբիկայի մարզումներով: Մեկ ամիս շաբաթական 3 անգամ նրանք պետք է մասնագետների հսկողությամբ վազեին վազքուղով: Այնուհետեւ եւս 6 ամիս մարզումները ինքնուրույն են շարունակել:  

Երկրորդ (հսկիչ) խմբի մասնակիցները պետք է վարեին սովորական կենսակերպ:

Արդյունքում՝ մարզումների առաջին 4 շաբաթից հետո առաջին խմբի փորձարկվողները հայտնել են դաշտանի ժամանակ ցավի նվազման մասին: Հսկիչ խմբի համեմատությամբ այս ցուցանիշը նվազել է 6 տոկոսով, իսկ կես տարի հետո հասել է մինչեւ 22 տոկոսի:

Հետազոտության արդյունքներով գիտական հոդվածը հրապարակվել է Contemporary Clinical Trials ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում