Հայաստանը դեմ է մարիխուանայի օրինականացմանը

15 հուլիսի, 2019  14:00

Առողջապահության նախարարությունը  դեմ է մարիխուանայի օրինականացմանը, քանի որ վտանգ է տեսնում  տվյալ հոգեմետ դեղամիջոցի կիրառման մեջ: Հուլիսի 15-ին մամուլի ասուլիսին այս մասին ասաց Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը ։

Խոսելով որոշ երկրների կողմից մարիխուանայի օրինականացման  մասին՝ փորձագետը ուշադրություն դարձրեց նրան, որ տվյալ որոշումը ուղեկցվում է որոշ սահմանափակումներով: Դա օրինակ կարող է լինել մինչեւ 18 կամ 24 տարեկանը մարիխուանայի օգտագործման, այն  հասարակական վայրերում օգտագործելու արգելքը եւ այլն:

Սեմերջյանը նշեց, որ ՀՀ ԱՆ-ն դեմ է մարիխուանայի օրինականացմանը, քանի որ վտանգ է տեսնում  տվյալ հոգեմետ դեղամիջոցի կիրառման մեջ:

Փորձագետն ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ, տարածաշրջանի երկրների համեմատ, հանրապետությունում թմրամոլության խնդիրն այդքան էլ սուր չէ։ Այսպես, եթե Վրաստանում խոսքը մոտ 400 հազար թմրամոլների մասին է, իսկ Իրանում՝ 3 մլն-ի, ապա Հայաստանում անցած տարի գրանցվել է թմրանյութերից կախված 6951 մարդ։

Այնինչ, Սեմերջյանը խոստովանել է, որ որոշ մասնագետներ թերահավատորեն են վերաբերվում Հայաստանի ներկայացրած տվյալներին։ Այսպես, համաձայն 2011-ին միջազգային փորձագետների հետ համատեղ անցկացված հետազոտության՝ թմրամոլների թիվը Հայաստանում կարող է հասնել 30 հազարի։

Ավելացնենք, որ 1993 թվականին Հայաստանը միացել է թմրանյութերի մասին ՄԱԿ 1961 թվականի Միասնական կոնվենցիային, հոգեմետ նյութերի մասին ՄԱԿ կոնվենցիային եւ թմրանյութերի ու հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության մասին ՄԱԿ կոնվենցիային։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում