Տղամարդը նիհարել է 100 կգ-ով այն պատճառով, որ չի կարողացել բարձրանալ Չինական Մեծ պատը

14 օգոստոսի, 2019  21:15

Չինաստանում անցկացրած արձակուրդը կտրուկ փոխել է Անգլիայի Շեֆֆիլդ քաղաքի 42-ամյա բնակիչ Բեն Մասքրոֆթի կյանքը:

Mirror-ի հաղորդմամբ՝ Բենը մանկուց տառապել է ավելորդ քաշից, իսկ հասուն տարիքում կշռել է 178 կգ: 2015 թվականին նա որոշել է մեկնել Չինաստան, սակայն չի կարողացել բարձրանալ Չինական Մեծ պատն ավելորդ քաշի պատճառով: Դեպքն այնքան է ազդել Բենի վրա, որ նա որոշել է ամեն գնով նիհարել:

Տղամարդը որոշել է վերանայել իր սննդակարգը, առողջ սնվել եւ սկսել զբաղվել բոքսով ու յոգայով: Դրա շնորհիվ՝ նա 4 տարվա ընթացքում կարողացել է ազատվել 100 կգ-ից:

«Մինչ նիհարելն իմ կյանքը ծանր էր: Ես չէի կարողանում 5 րոպեից երկար քայլել, շնչահեղձ էի լինում, ցավում էին ծնկներս: Բացի այդ, ես չէի հավատում, որ նման արտաքինով կկարողանամ դասավորել անձնական կյանքս»,- խոստովանել է տղամարդը:

Փոխելով իր կյանքը՝ Բենը ծանոթացել է Քարենի հետ, որը հետագայում դարձել է նրա ընկերուհին: Այսօր տղամարդը կշռում է մոտ 76 կգ եւ մտադիր է իր սիրելիի հետ մեկնել Չինաստան ու այս անգամ նվաճել Չինական Մեծ պատը:    

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում