Stent for Life ծրագրի չափանիշները փոփոխվում են. Այսուհետ ավելի մեծ թվով քաղաքացիներ կկարողանան օգտվել ծրագրից

20 օգոստոսի, 2019  14:32

Stent for Life ծրագրի չափանիշները փոփոխվում են, ինչի հետեւանքով ավելի մեծ թվով քաղաքացիներ կկարողանան օգտվել ծրագրից։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այսօր ստորագրեցի հրաման, որով փոփոխվում են «Կյանքի ստենտ» (Stent for Life) ծրագրի չափանիշները:

Այս փոփոխությունների արդյունքում մեր շատ քաղաքացիներ, ովքեր դուրս էին մնում ծրագրից, այսուհետ կընդգրկվեն դրանում, քանի որ ավելացվել է այն ախտանիշների թիվը, որոնցով որոշվում էր պացիենտի համապատասխանությունը ծրագրին: Այսուհետ առանց ST սեգմենտի էլեվացիայի այն դեպքերը, երբ առկա է սրտամկանի իշեմիայի կլինիկական պատկեր, արյան մեջ տրոպոնինի 1000 և ավելի նգ/լ ցուցանիշով, նույնպես կստենտավորվեն անվճար` պետական պատվերի շրջանակներում: Արդյունքում կունենանք մոտ 10-15% ավելի շատ միջամտություններ այս կյանք փրկող պետական ծրագրի շրջանակներում», – գրել է նախարարը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում