Տնային կենդանիները բարելավում են իրենց տերերի առողջությունը. գիտնականներ

28 օգոստոսի, 2019  10:55

Տնային կենդանիներն օգնում են նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը:

MedicalXpress-ը հայտնում է, որ չեխ գիտնականները հետազոտությանը ներգրավել են 1769 մարդու, որոնք սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրներ չեն ունեցել: Մասնագետները հաշվի են առել այնպիսի գործոններ, ինչպես սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը, մարմնի զանգվածի ինդեքսը, ծխելը, զարկերակային ճնշման, արյան մեջ շաքարի եւ խոլեստերինի ցուցանիշները:

Պարզվել է, որ տնային կենդանիների տերերը ոչ միայն ֆիզիկապես ավելի ակտիվ են, այլեւ հետեւում են ավելի առողջ սնվելուն: Դրանից բացի, ձեռնասուններն իրենց տերերին օգնում են հաղթահարել հոգեբանական ծանրաբեռնվածությունը եւ սոցիալական մեկուսացումը՝ գործոններ, որոնք դերակատարում ունեն սրտի նոպաների զարգացման դեպքում: Եվս մեկ պլյուս է այն, որ տնային կենդանիների տերերը արյան մեջ շաքարի մակարդակի լավ ցուցանիշներ ունեն:

Այս դրական արդյունքն ավելի ակնհայտ է դիտվում շներին խնամելիս, ընդ որում՝ անկախ դրանց տերերի սեռի, տարիքի եւ կրթական մակարդակի: Գիտնականները սա կապում են այն հանգամանքի հետ, որ նրանք ստիպված են ավելի հաճախ կատարել բացօթյա զբոսանքներ եւ իրենց ձեռնասունների հետ ակտիվ խաղեր խաղալ:

Այսպիսով, ինչպես ամփոփում են գիտնականները, տնային կենդանիները բարերար ազդեցություն ունեն իրենց տերերի սրտի եւ անոթների առողջության վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում