Ընդմիջումներով քաղցածությունը առողջության համար, այնուամենայնիվ, օգտակար է. հետազոտություն

30 օգոստոսի, 2019  20:26

Այսպես կոչված՝ ընդմիջումներով քաղցածությունը առողջության համար, այնուամենայնիվ, օգտակար է, պարզել են Գրացի համալսարանի (Ավստրիա) գիտնականները: Այս մասին հայտնում է Science ամսագիրը:

Գիտնականները 4 շաբաթ հետեւել են 60 կամավորների (ոչ մեծ ավելորդ քաշով առողջ տղամարդկանց եւ կանանց), որոնց մի մասը սնվել է ընդմիջումներով քաղցածության մեթոդով, իսկ մնացյալը հետեւել են սնվելու իրենց սովորական ռեժիմին եւ եղել են ստուգիչ խումբը:

Առաջին խմբից բոլորը 4 շաբաթում նիհարել են միջինը 3,5 կգ, մինչդեռ ստուգիչ խմբի կամավորները միայն մոտ 200 գրամով: Գիտնականները նաեւ նկատել են, որ առաջին խմբում ընդգրկվածների զարկերակային ճնշումը նվազել է, բարելավվել են նյութափոխանակության պրոցեսները, մեծացել է արյան մեջ պոլիչհագեցած ճարպաթթուների պարունակությունը: Հեղինակների խոսքով՝ այսպես սնվելը ընդհանրապես բարելավում է «ճարպակալմամբ չտառապող առողջ մարդկանց ծերացման ֆիզիոլոգիական եւ մոլեկուլյար մարկերները»:

Հեղինակների խոսքով՝ փորձի մասնակիցների մոտ «ոչ մի կողմնակի էֆեկտ չի գրանցվել անգամ այդպես սնվելուց 6 ամիս հետո»:

Ընդմիջումներով քաղցածությունը նախատեսում է սնունդն ընդունելու ժամանակի սահմանափակումներ, այսինքն՝ ուտելուց հետո պետք է անցնի մի քանի (կամ մի քանի տասնյակ) ժամ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում