Ինչպե՞ս կարելի է նվազեցնել աղիքներում պոլիպների ի հայտ գալը

3 սեպտեմբերի, 2019  17:29

Աղիքներում պոլիպները կարող են լուրջ վտանգ ներկայացնել՝ դրանցից որոշները ժամանակի ընթացքում կարող են վերափոխվել քաղցկեղային ուռուցքների: British Journal of Cancer-ում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, թե ինչպես է հնարավոր նվազեցնել աղիքներում պոլիպների առաջանալը:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություններն օգտակար են ոչ միայն ընդհանրապես առողջության համար, այլեւ օգնում են կանխել աղիքներում պոլիպների ի հայտ գալը:

Մասնագետներն ուսումնասիրել են Nurses’ Health Study II մասշտաբային հետազոտության ժամանակ ստացված տվյալները՝ տարբեր տարիքի 28 250 կանանց մասնակցությամբ, որոնք անցել էին սիգմոիդոսկոպիա կամ կոլոնոսկոպիա: Գիտնականներն այս միջամտությունների արդյունքները համադրել են հիվանդություններին, որոնք ախտորոշվել են նախագծի մասնակիցների մոտ, ինչպես նաեւ նրանց վնասակար սովորությունների (ծխելը, ալկոհոլի գործածումը, սխալ սնվելը), ֆիզիկական ակտիվության, հղիության եւ կենսակերպի այլ գործոնների հետ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ աղիքներում պոլիպների ի հայտ գալը հարաբերակցվում է ֆիզիկական ակտիվության հետ. կանանց շրջանում, որոնք ընդհանուր առմամբ ֆիզիկապես ակտիվ էին եղել, ինչպես նաեւ զբաղվել էին ֆիզկուլտուրայով կամ սպորտով ինչպես մանկության տարիներին, այնպես էլ հասուն տարիքում՝ 12 տարեկանից եւ մինչեւ նվազագույնը 64 տարեկանը, պոլիպների առաջանալու հավանականությունը շատ ավելի զգալի էր նվազել՝ ամբողջ 24 տոկոսով:

Կանանց շրջանում, որոնք 12-ից մինչեւ 22 տարեկանը օրական թեկուզ մեկ ժամ սպորտով էին զբաղվել, համանման հավանականությունը նվազել էր 7 տոկոսով: 23-ից մինչեւ 64 տարեկանը ֆիզիկապես ակտիվ կանանց շրջանում՝ 9 տոկոսով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում