Հայաստանում 2019-ին մայրական մահվան 10 դեպքերից միայն 4-ն էին պայամանավորված հղիության եւ ծննդաբերության բարդություններով

11 սեպտեմբերի, 2019  18:35

2019 թվականի մինչ այս պահը Հայաստանում արձանգարվել է մայրական մահվան 10 դեպք: Դրանցից յուրաքանչյուրը վերլուծության է ենթարկվել Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած մանկաբարձագինեկոլոգիական խորհրդի արտահերթ նիստի ընթացքում:

Պարզվել է, որ դեպքերից միայն 4-ը պայամանավորված են եղել հղիության և ծննդաբերության բարդություններով: Մնացած 6 դեպքերը կապված են կնոջ նախկինում ունեցած հիվանդություններով և անկանխատեսելի բարդություններով, մասնավորապես`  սրտամկանի ինֆարկտ, էպիլեպտիկ ստատուս,  լիդոկայինային անաֆիլակսիա, վիրուսային երկկողմանի թոքաբորբ,  թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, հիպերտոնիկ հիվանդության հետևանքով զարգացած հեմոռագիկ ինսուլտ:

Մայրական մահերը հնարավորինս նվազեցնելու նպատակով քննարկման ընթացքում որոշվել է առաջիկայում իրականացնել հետևյալ քայլերը.

Առողջապահության նախարարության կողմից պարբերաբար հանդիպումներ կազմակերպել նախածննդյան հսկողություն իրականացնող մանկաբարձ-գինեկոլոգների հետ: Մարզային բուժհաստատությունները ֆունկցիոնալ առումով կցագրել երրորդ մակարդակի ծննդօգնության հիմնարկներին: Վերջինիս մասնագետները կլինեն մշտական կապի մեջ, պարբերաբար կայցելեն հիմնարկներ և կցուցաբերեն խորհրդատվություն` բարձր ռիսկի խմբի հղիներին: Համատեղ կմշակվեն վարման և ծննդալուծման պլաններ: Մշակել ուսուցման փուլային ծրագիր` մանկաբարձ-գինեկոլոգների համար` հիմնված բարդ դեպքերի անհատական վերլուծությունների հիման վրա: Ձևավորել մշակույթ` մայրական դեպքերի մանրակրիտ ներհիվանդանոցային վերլուծության և քննարկումներ կազմակերպելու ուղղությամբ, ներգրավվելով բոլոր մասնագետներին: Բարձրացնել հոսպիտալացման ենթակա հղիների/ծննդկանների արագ տեղափոխման ծառայության որակը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում