Բիլ Գեյթսը հուսով է, որ առաջիկա 20 տարում բժիշկներն այլեւս ստիպված չեն լինի կյանքեր փրկել

9 հոկտեմբերի, 2019  10:11

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը հույս ունի, որ արդեն առաջիկա 20 տարում մենք արմատական փոփոխություններ կտեսնենք գլոբալ առողջապահության մեջ: Արդյունքում՝ երկրների մեծ մասում բժիշկների գլխավոր խնդիրը կլինի ոչ թե կյանք փրկելը, այլ դրա որակը բարելավելը, փոխանցում է HighTech+-ը:

Գեյթսը գլխավոր առաջադրանքներից մեկն է համարում թերսնման խնդրի լուծումը: Այսօր այն դառնում է ամեն տարի մինչեւ 5 տարեկան 2 միլիոնից ավելի երեխաների մահվան պատճառը: Սակայն մոտակա 20 տարիներին մարսողական տրակտի միկրոբիոմի հետազոտությունների շնորհիվ այս թիվը զգալիորեն կկրճատվի:

Գեյթսի խոսքով՝ հյուծվածությամբ տառապող երեխաների մոտ սիմբիոտիկ բակտերիաների համակեցությունը տարբերվում է նրանց առողջ տարեկիցներից: Ըստ 2013 թվականին կատարած հետազոտության՝ այս տարբերությունները դրսեւորվում են նույնիսկ գենետիկորեն նույնական երկվորյակների զույգերում, որոնք միեւնույն կերակուրն են ուտում:

Լրացուցիչ հետազոտությունները հաստատել են, որ սննդամթերքները եւ առողջ միկրոբիոմների ձեւավորմանն ուղղված բուժման մեթոդները երեխաներին օգնում են յուրացնել ավելի շատ սննդարար նյութեր եւ խուսափել զարգացման հապաղումից:

Այս դեղամիջոցներն առայժմ թեստավորման վաղ փուլերում են, սակայն Գեյթսը վստահ է, որ հաջողությունը սարերի հետեւում չէ: Նրա կարծիքով՝ առողջ միկրոբիոմների ձեւավորմանն ուղղված միջոցների հիմնական առավելություններն են էժան լինելը եւ պատրաստման դյուրությունը: Նա ընդգծում է. «Չնայած միկրոբիոմի հետ կապված խնդիրները թերսնման միակ պատճառը չեն, դրա վրա ազդեցությունը կարող է առավել արդյունավետ լինել»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում