Բրիտանուհին որդուն ծնել է ջրերը գնալուց հետո 10 շաբաթ անց

29 հոկտեմբերի, 2019  14:19

Բրիտանուհին որդուն ծնել է ջրերը գնալուց հետո գրեթե 10 շաբաթ անց: Լորեն Միդլթոնը հղիության 26-րդ շաբաթում ինչ-որ անկանոն բան է զգացել եւ դիմել բժշկին: Պարզվել է, որ նրա ջրերը գնացել էին, փոխանցում է Fox News-ը:

«Ես անչափ վախեցած էի, երբ լսեցի, քանի որ ժամկետը շատ փոքր էր, ես հասկացա, որ փոքրիկին վտանգ է սպառնում»,- ասել է Լորենը:

Ջրերը հիմնականում գնում են կա՛մ ճիշտ ժամկետին, կա՛մ 37-րդ շաբաթում, եւ դրանից հետո շուտով ծննդաբերությունը սկսվում է: Սակայն պատահում է, որ ջրերը ժամկետից շուտ են գնում՝ առանց դրան հաջորդող ծննդաբերության. սա հայտնի է որպես պտղաթաղանթի վաղաժամ պատռվելու վիճակ: Այս վիճակը կարող է առաջանալ պտղաթաղանթի բորբոքման, երկրորդ եւ երրորդ եռամսյակներում հեշտոցային արյունահոսության, հղիության ժամանակ ծխելու, արգանդի կարճ վզիկի եւ անբավարար քաշի հետեւանքով: Բժիշկները սովորաբար փորձում են ծննդաբերությունը հետաձգել մինչեւ 34-րդ շաբաթ: Այդուհանդերձ, ջրերը գնալուց հետո որքան շատ ժամանակ է պահանջվում ծննդաբերությունը սկսվելու համար, այնքան մեծ է մոր կամ երեխայի մոտ ինֆեկցիայի զարգացման վտանգը:

Երեք օր հիվանդանոցում պահելուց հետո Միդլթոնին տուն են ուղարկել: Նա ջրերը գնալուց հետո մի քանի շաբաթ, համենայնդեպս, շաբաթը 2 անգամ ստուգման էր գալիս:

Հղիության 35-րդ շաբաթում նրա մոտ երկունքի ցավեր են սկսվել, եւ 20 ժամ անց նա տղա է ծնել: Բայց ծննդաբերությունից հետո գրեթե մեկ ժամ անց տղայի մոտ առաջացել են շնչառության խնդիրներ, նրան արագ տեղափոխել են նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Ըստ տեղեկությունների՝ նրա մոտ ախտորոշվել է թոքաբորբ եւ սեպսիս: Բարեբախտաբար, հակաբիոտիկների ընդունումը փոքրիկին օգնել է:

Լուսանկարը՝ SWNS-ի

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում