75-ամյա չինացին հազիվ է փրկվել մահից՝ իր սեփական ատամնապրոթեզը կուլ տալուց հետո

1 նոյեմբերի, 2019  13:17

75-ամյա չինացին հազիվ է փրկվել մահից՝ իր սեփական ատամնապրոթեզը կուլ տալուց հետո։ Ինչպես հայտնում է AsiaWire-ը, արեւելյան Չինաստանից Չժու Բենբյաոյի մոտ շնչառական խնդիրներ են առաջացել, եւ ընտանիքը նրան հիվանդանոց է տեղափոխել։

Ռենտգենը ցույց է տվել, որ Բենբյաոյի երկու ատամնապրոթեզներից մեկը խցանվել է նրա կոկորդի ստորին մասում, եւ դրա հեռացման համար 4 ժամ տեւող շտապ վիրահատություն է կատարվել։

«Մի ծայրը նրա կերակրափողում էր, իսկ մյուսը՝ շնչափողում»,- ասել է հիվանդանոցի գլխավոր գաստրոէնտերոլոգ Չեն Ցզեյուն։ «Մենք կտրեցինք նրա շնչափողը, խողովակի միջոցով պահպանեցինք շնչառությունը, այնուհետեւ հանեցինք ատամնապրոթեզը։ Դժվար էր, սակայն վերջիվերջո մեզ հաջողվեց դա անել»,- հավելել է նա։

Ընտանիքի անդամների գնահատականներով, ատամնապրոթեզը կոկորդի մեջ հայտնվել էր վիրահատությունից ութ ժամ առաջ։ Նրանք կարծում են, որ տղամարդը ճաշելիս կուլ է տվել այն, սակայն որեւէ խնդրի մասին չի հայտնել, մինչեւ նկատել են, որ դժվար է շնչում։

Լուսանկարը՝ AsiaWire-ի

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում