Մարդկանց շրջանում, որոնք ծխում են եւ ալկոհոլ խմում, 50 տարեկանից հետո սկսվում են ուղեղիկի դեգեներացիայի արագացված պրոցեսներ: Այս մասին նախազգուշացնում են Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները, որոնք մեծածավալ հետազոտություն են անցկացրել ուղեղիկի վրա ալկոհոլի եւ ծխախոտի ազդեցության ուսումնասիրման նպատակով. ուղեղիկը ուղեղի այն հատվածն է, որը պատասխանատու է շարժումների համակարգման, հավասարակշռության եւ մկանային տոնուսի համար:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Alcoholism: Clinical and Experimental Research ամսագրում: Հետազոտությունը ցույց է տվել, որ ալկոհոլի պարբերական գործածումն առաջացնում է ուղեղիկի ծավալի փոքրացում, իսկ եթե մարդը նաեւ ծխում է, ուղեղիկի ատրոֆիան ավելի է արագանում, քանի որ ծխախոտը ալկոհոլի ազդեցությունը կրկնապատկում է:
Այս ամենը սովորաբար տեղի է ունենում մոտ 50 եւ ավելի մեծ տարիքում: Մասնագետների խոսքով՝ ուղեղիկի դեգրադացիան արտահայտվում է մկանների տոնուսի թուլացմամբ, ուժեղացող թրեմորով եւ հավասարակշռության պահպանման բարդություններով:
Գիտնականները միաժամանակ համոզվել են, որ եթե մարդու մոտ չկան ուղեղի լուրջ հիվանդություններ, ալկոհոլից եւ ծխելուց երկար ժամանակ խուսափելը թույլ է տալիս գործնականում ամբողջությամբ վերականգնել հարբեցողությամբ ճնշված ուղեղիկի ֆունկցիան:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում