Սառնամանիքին ծխելը կրկնակի վտանգավոր է. մասնագետ

18 դեկտեմբերի, 2019  20:32

Այն, որ ծխելը վտանգավոր է առողջության համար, գիտեն բոլորը, բայց բոլորը չէ, որ գիտեն, որ սառնամանիքին ծխելը վտանգավոր է կրկնակի։

«Ցուրտ ժամանակ փողոցում ավելի լավ է չծխել, դժվար է ավելի ագրեսիվ ազդեցություն պատկերացնել շնչուղիների վրա, քան սառն օդն ու ծխելը»,- հավաստիացնում է ծխելուց հրաժարվելու կաբինետի (Ռուսաստան) թերապեւտ Իրինա Բոչկովան։

Նրա խոսքով՝ սառնամանիքին ծխելը կարող է հանգեցնել մի ամբողջ շարք հիվանդությունների առաջացման։ «Օրինակ, խեժը, որը կազմված է վնասակար քաղցկեղածիններից, կարող է առաջ բերել քաղցկեղային հիվանդություններ։ Թունավոր գազերը թունավորում են օրգանիզմը ներսից, դրանք հյուծում են հեմոգլոբինի՝ օրգանիզմին անհրաժեշտ թթվածին փոխանցելու ունակությունը։ Ցիանական ջրածինը վնասում է բրոնխիալ թարթիկները, որոնք կատարում են հակավարակային գործառույթ, ինչը նպաստում է կոկորդի եւ բրոնխների հիվանդությունների առաջացմանը։ Սառը օդի հետ խեժը հայտնվում է թոքերում»,- բացատրում է բժիշկը «Արգումենտի ի ֆակտի» պարբերականի հարցազրույցում։

Մասնագետի խոսքով՝ հյուսիսային երկրների ծխողների շնչառական օրգանների վիճակը կարող է հաստատել նրա խոսքերը։ Նման մարդիկ շատ հաճախ հիվանդանում են էմֆիզեմայով՝ հիվանդություն, որի դեպքում նվազում է թոքերի առաձգականությունը, գումարած՝ խախտվում է արյան շրջանառությունը, ինչը հանգեցնում է արյան քրոնիկական բարձր ճնշման։

Սառնամանիքին ծխելը վտանգավոր է նաեւ նրանով, որ կա արագ ցրտահարվելու ռիսկ։ Բանն այն է, որ ծխելը հանգեցնում է անոթների կտրուկ լայնացման, ինչը նպաստում է ջերմության արագ կորստին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում