Տղամարդիկ, որոնք չարաշահում են ոգելիցը կամ թմրանյութեր են գործածում, 6-7 անգամ ավելի հաճախ են ներգրավված ընտանեկան բռնության մեջ, առավել հաճախ՝ կանանց նկատմամբ: Այս մասին նշված է խոշոր հետազոտության մեջ, որն անցկացվել է Շվեդիայում եւ հրապարակվել PLoS Medicine ամսագրում:
Մասնագետները հետազոտության շրջանակում վերլուծել են 16 տարում հավաքված հարյուր հազարավոր հիվանդությունների պատմություններ եւ ոստիկանական արձանագրություններ: Նրանք ցանկանում էին պարզել, թե տղամարդկանց որքան հաճախ են կալանավորել կանանց եւ նախկին զուգընկերուհիների նկատմամբ սպառնալիքների, հարձակումների եւ սեռական բռնության պատճառով: Պարզվել է, որ տղամարդկանց 1,7 տոկոսը, որոնք ալկոհոլը չարաշահել են, այդպիսի մեղադրանքներով են կալանավորվել. սա գրեթե միջինը 6 անգամ ավելի է նրանց տարեկիցների համեմատությամբ: Թմրակախվածությամբ տղամարդկանց դեպքում այս ցուցանիշը կազմել է 2,1 տոկոս՝ 7 անգամ ավելի հաճախ:
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ ընտանեկան բռնությանն առավել հակված են վարքագծի խախտումներով եւ հոգեկան խանգարումներով, այդ թվում դեպրեսիայով, ուշադրության դեֆիցիտով ու հիպերակտիվությամբ, անձի խանգարումներով մարդիկ: Բայց այդ կապն այնքան արտահայտված չէ, որքան ալկոհոլի եւ թմրանյութերի դեպքում:
Անգլիայում եւ Ուելսում զոհերի գործերով լիազոր Վերա Բեյրդը BBC News-ին տված մեկնաբանության մեջ ասել է, որ այս հետազոտության տվյալներին հարկ է մոտենալ որոշ զգուշավորությամբ, որովհետեւ տղամարդկանցից շատերը շարունակում են բռնությանը հակված մնալ նաեւ սթափ վիճակում: Ավելին՝ քիչ չեն բռնարարները, որոնք ալկոհոլի եւ թմրանյութերի հետ խնդիրներ չունեն: Ուստի մասնագետը կարծում է, որ չարժե ընտանեկան բռնության դեմ պայքարի ծրագրի ռեսուրսները վերաուղղորդել ալկոհոլամոլության եւ թմրամոլության դեմ պայքարին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում