66-ամյա անգլիացի Հենրի Փրիդինգը 12 տարեկանից իր փաթաթած ծխախոտներն է ծխել, ինչը հանգեցրել է այն բանին, որ նրա մոտ լեզվի քաղցկեղ է առաջացել։ Բժիշկները ստիպված են եղել հեռացնել նրա լեզուն ու տեղն արհեստական, իր իսկ մաշկից պատրաստված լեզու կարել։
Ինչպես գրում է Manchester Evening News-ը, Հենրին ծխել է ամեն օր 12 տարեկանից, բայց առողջական խնդիրներն սկսվել են տարիներ հետո։ 62 տարեկանում նա խնդիրներ է ունեցել սնունդ ընդունելու հետ կապված, իսկ երբ դիմել է հիվանդանոց, նրա մոտ քաղցկեղ են հայտնաբերել։
Ուռուցքի հեռացման վիրահատությունը տեւել է 14 ժամ, եւ ուռուցքի հետ միասին բժիշկները հեռացրել են Հենրիի 10 ատամ։ Հետո տղամարդու համար նրանք արհեստական լեզու են ստեղծել նրա մաշկից, որպեսզի դրանով փոխարինեն նրա հեռացված լեզուն։
Այժմ Հենրին դեմքին ծնոտը պահող ձողեր եւ մետաղաշերտ է կրում։ Տեղի ունեցածն, իհարկե, լրջորեն ազդել է ոչ միայն նրա խոսակցականի, այլեւ մտածելակերպի վրա. Հենրին թողել է ծխելը եւ այժմ բոլորին կոչ է անում հետեւել իր օրինակին։ Մինչ այդ Հենրիի կնոջ թոքերում էին քաղցկեղ հայտնաբերել, որը նույնպես ծխելու հետեւանք էր։ Բուժումից հետո հիվանդությունը տեղի է տվել։
Հենրին ու նրա կինը 5 երեխա եւ 12 թոռ ունեն, որոնք, նրանց խոսքով, ուժ են տալիս իրենց։ Ոչ ոք ընտանիքում չի ծխում այն բանից հետո, ինչ նրանք ապրել են։ Հենրիի երեխաները նշում են, որ երբեք չեն ծխի, որովհետեւ չեն ցանկանում, որպեսզի իրենց երեխաներն ապրեն այն ամենը, ինչի միջով իրենք են անցել։
«Ծխելը սնանկացրեց մեր ընտանիքը, դրա համար մենք բոլորս թողել ենք ծխելը,- ասել է Հենրին։- Մենք ցանկանում ենք կիսել ձեզ հետ մեր պատմությունը՝ հուսալով, որ այն կօգնի մյուսներին թողնել ծխելը։ Ափսոս, որ մենք ծխելուց չենք հրաժարվել քաղցկեղով հիվանդանալուց առաջ։ Եթե ցանկանում եք ինչ-որ բան անել նոր տարում, թողեք ծխելը։ Հեշտ չի լինի, բայց արժե։ Մենք թողել ենք, դուք էլ կկարողանաք»։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում