✕

Ո՞ր ախտանիշները կարող են խոսել ստամոքսի քաղցկեղի մասին

6 հունվարի, 2020  16:20

Ստամոքսի հատվածում այրոցի եւ կայուն թթվային ռեֆլեքսի զգացողությունը կարող են ստամոքսի քաղցկեղի ախտանիշներ լինել՝ պնդում են Տեխասի համալսարանի MD Anderson օնկոլոգիական կենտրոնի գիտնականները:

Express ամսագրի հաղորդմամբ՝ ստամոքսի քաղցկեղը քաղցկեղի ամենատարածված տեսակներից եւ ամբողջ աշխարհում քաղցկեղից մահացության հիմնական պատճառներից մեկն է. այդ հիվանդության դեպքում ապրելիության ցուցանիշները կազմում են ընդամենը 14 տոկոս:

Մասնագետների խոսքով՝ ստամոքսի քաղցկեղի նշաններ կարող են լինել այրոց հիշեցնող նշանները, ինչպես նաեւ թթվային ռեֆլեքսն ու ստամոքսում այրոցի զգացողությունը, որը երկար ժամանակ չի անցնում: Գիտնականները նշում են, որ այդ ախտանիշները կարող են կապված լինել նաեւ այլ հիվանդությունների հետ, օրինակ՝ աղեստամոքսային տրակտի խնդիրների հետ: Սակայն ամեն դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

Պետք է ուշադրության դարձնել նաեւ նման ախանիշների՝ արյուն կղանքի մեջ, փսխում, ախորժակի կորուստ կամ շատ արագ հագեցվածություն, անբացատրելի քաշի կորուստ, որովայնի փքում, փորլուծություն կամ փորկապություն: Ստամոքսի քաղցկեղի դասական ախտանիշ կարող է լինել ստամոքսի կենտրոնում սուր ցավը:

Գիտնականները հիշեցնում են, որ ստամոքսի քաղցկեղը կարող է երկար ժամանակ չհիշեցնել իր մասին, այդ պատճառով այն սովորաբար ուշ է ախտորոշվում: Եվ հենց այդ պատճառով խորհուրդ է տրվում բժշկի դիմել նույնիսկ ամենափոքր ախտանիշի դեպքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում