Ինչպե՞ս օրգանիզմն ապահովել D վիտամինի անհրաժեշտ քանակությամբ

23 հունվարի, 2020  09:42

Օրգանիզմում D վիտամինի նորմալ մակարդակը պաշտպանում է շատ հիվանդությունների զարգացումից՝ դեմենցիայից մինչեւ քաղցկեղ: D վիտամինն անհրաժեշտ է նաեւ ոսկորների առողջության, իմունային համակարգի եւ սեռական հորմոնների հավասարակշռված արտադրման համար: Ընդ որում՝ ի տարբերություն B խմբի, ինչպես նաեւ C եւ E վիտամինների, որոնք մենք մշտապես պետք է ստանանք դրսից, մեր օրգանիզմը կարող է D վիտամինն արտադրել ինքնուրույն: Դրա համար նրան անհրաժեշտ է UVB ճառագայթում:

Մասնագետների խոսքով՝ արեգակի լույսի ներքո մենք կարող ենք ստանալ օրգանիզմի D վիտամինի պահանջի 80-ից մինչեւ 90 տոկոսը: Դա օրական գրեթե 20 միկրոգրամ է: Օրգանիզմը միաժամանակ կարող է D վիտամինի ավելցուկը պահել պահուստարաններում, որոնք տեղակայված են լյարդում եւ ճարպային հյուսվածքում: Այդ պաշարները նա օգտագործում է թույլ լուսավորվածության սեզոնին:

Սակայն, չնայած այն հանգամանքին, որ թվում է՝ D վիտամինը հեշտ է ստանալ, մարդկանցից շատերի մոտ նկատվում է դրա պակաս:

Focus.de պորտալը հրապարակել է մի քանի խորհուրդներ այն մասին, թե ինչ կարելի է անել օրգանիզմը D վիտամինի անհրաժեշտ քանակությամբ ապահովելու համար:

Փողոց դուրս եկեք ամեն օր կես ժամ, որպեսզի ցերեկվա լույսն ընկնի գոնե դեմքին եւ թեւերին: Ուլտրամանուշակագույն ճառագայթում կա նույնիսկ ամպամած եղանակին: Ձու, յուղոտ ձուկ եւ սունկ կերեք, որ բավարարեք D վիտամինի մնացյալ 10-20 տոկոսի պահանջը: Եթե ձեզ մոտ D վիտամինի պակաս եք կասկածում, կարող եք արյան մեջ դրա պարունակությունը չափել բժշկի մոտ: Դեֆիցիտի դեպքում բժիշկը կնշանակի D վիտամինով լրացուցիչ դեղամիջոցներ. դա սովորաբար օրական 1000-ից մինչեւ 2000 միավոր է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում