Պաշտոնական աղբյուրները հաղորդում են չինական Ուհան քաղաքում 2019-nCoV կորոնավիրուսով վարակման 15 դեպքերի մասին: Սակայն իրականում այդ թիվն ավելի մեծ է, գրում է South China Morning Post-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:
Ուհանում թոքաբորբի բռնկման մասին սկսել են խոսել դեկտեմբերի վերջից, եւ միայն հունվարի 7-ին է հայտնի դարձել, որ թոքաբորբի պատճառը նոր անհայտ տեսակի կորոնավիրուսն է: Դրա փոխանցման ուղիների մասին այդ ժամանակ ոչինչ հայտնի չէր, եւ բժիշկները, որոնք աշխատել են պացիենտների հետ, անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել վարակից պաշտպանվելու համար:
Պարզվել է, որ քաղաքի հիվանդանոցներից մեկում վարակվել է միանգամից 14 բժիշկ: ԶԼՄ-ներում ենթադրություններ են հայտնվել, որ վարակված բժիշկների թիվն իրականում ավելի շատ է եղել:
Բժիշկներից մեկի խոսքով՝ «սկզբնապես շատ բուժաշխատողներ չեն իմացել մարդուց մարդուն վիրուսի հնարավոր փոխանցման մասին եւ նույնիսկ բավարար պաշտպանիչ միջոցներ չեն ունեցել»:
«Մենք մտահոգվում ենք մեր գործընկերների համար, որոնք վարակվել են, սակայն մենք այլընտրանք չունենք բացի մեր աշխատանքը շարունակելուց»,- ասել է նա:
Ուհանում կա 14 հիվանդանոց, որոնք ունեն համապատասխան սարքավորումներ տվյալ հիվանդության դեմ պայքարի համար:
«Ուհանի գրեթե յուրաքանչյուր խոշոր հիվանդանոցում դուք կգտնեք վարակված բժշկի, եւ նրանց թիվը 15-ից ավելի է»,- ասել է բժիշկներից մեկը:
Չինացի բժիշկները հայտնում են, որ քաղաքը բավարար թվով բուժաշխատողներ եւ պաշտպանիչ միջոցներ չունի: Նման պայմաններում ավելի ու ավելի շատ բժիշկներ են վարակվում, եւ դա կարող է լուրջ խնդիրների հանգեցնել՝ մտավախություն են հայտնում մասնագետները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում