Հայաստանի 3 մարզերում կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար սքրինինգային ծրագիր կանցկացվի

4 փետրվարի, 2020  14:19

Հայաստանի 3 մարզերում՝ Տավուշում, Լոռիում եւ Սյունիքում, ծրագրվում է կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար սքրինինգային ծրագիր անցկացնել: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության գծով խորհրդական Հայկուհի Գյոկչյանը:

Նրա խոսքով՝ եթե ծրագիրն ապացուցի իր արդյունավետությունը, ապա այն կարող են սկսել երկրի ամբողջ տարածքում: Ծրագրի նպատակն է վաղ փուլերում հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը, երբ դեռ չկան կամ գրեթե չկան ախտանիշներ: Նման դեպքերում բուժումն ավելի էժան եւ արդյունավետ է:

Ինչպես նշեց Նարեկ Մանուկյանը՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարը, ծրագրի շրջանակում շարժական կլինիկան, որը հագեցած է մամոգրաֆիա անցկացնելու համար սարքով, կանգ կառնի վերոնշյալ մարզերի բուժկենտրոնների մոտ: Այնտեղ կանցկացվեն մամոգրաֆիայի հետազոտություններ, որոնց համար պացիենտները կկարողանան նախապես գրանցվել բնակության վայրի ամբուլատորիաների միջոցով:

Եթե կնոջ մոտ ինչ-որ խնդիր հայտնաբերվի, հետագա հետազոտությունների համար նրան կուղարկեն Երեւան:    

Հիշեցնենք, որ 2015 թվականից Հայաստանում գործում է արգանդի վզիկի քաղցկեղի վաղ ախտորոշման սքրինինգային ծրագիր, որի շրջանակում 30 տարեկանից բարձր բոլոր կանայք կարող են անվճար պապ-թեստ անցնել բնակության վայրի պոլիկլինիկաներում:

Հայաստանում ծրագրվում է նաեւ ներդնել սքրինինգային ծրագիր կոլոռեկտալ քաղցկեղի վաղ ախտորոշման համար: Դրա մասին մանրամասներ հայտնի կդառնան ավելի ուշ:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում