Երեւանի դպրոցներում բացակայում է աշակերտների միջինում 4,4%-ը գրիպի/ՍՇՎ-ի պատճառով: Այս պահին դասապրոցեսը դադարեցնելու անհրաժեշտություն չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ Արցախում բացակայում է աշակերտների ավելի քան 50%-ը՝ չնայած նրան, որ նրանց մեծ մասն իրականում առողջ է եւ դպրոց չի հաճախում ավելորդ զգուշության պատճառով: Այսօր փակ են միայն Ստեփանակերտի մի քանի դպրոցներ:
Նախարարի խոսքով՝ նախազգուշացնող միջոցներ կարող են կիրառվել, եթե դպրոցներում ՍՇՎ-ի պատճառով բացակայի աշակերտների ավելի քան 10%-ը: Սակայն նման թիվ այս սեզոնին երկրում չի եղել:
«Ես չեմ հասկանում ամեն կերպ դասապրոցեսը դադարեցնելու ձգտումը: Մենք օբյեկտիվ իրականություն ունենք, տեսնում ենք թվերը, գիտենք աշակերտների բացակայության պատճառը: Այո, կարող են լինել բացակայություններ՝ չկապված առողջական խնդիրների հետ: Ինչո՞ւ պետք է դադարեցնենք ամբողջ կրթական համակարգի գործունեությունը»,- հարց ուղղեց նախարարը:
Նրա խոսքով՝ պոլիկլինկաներ դիմելիությունը վերջին օրերին նվազել է՞
Խոսելով գրիպի/ՍՇՎ-ի տարածման կանխարգելման միջոցների մասին՝ նախարարը նշեց, որ մասնագետները խորհուրդ են տալիս զինծառայողների հարազատներին դադարեցնել այցելությունները, ինչպես նաեւ դադարեցնել փակ հաստատություններ՝ բանտերից մինչեւ մանկատներ եւ ծերատներ, այցելությունները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում