Ու՞մ է անհրաժեշտ բժշկական դիմակներ կրել. ԱՀԿ փորձագետների կարծիքը

28 փետրվարի, 2020  10:48

Բժշկական դիմակներ պետք է կրեն վարակված մարդիկ` վարակի տարածումը կանխելու համար, ոչ թե` առողջները: Նման կարծիք է հայտնել ԱՀԿ արտակարգ հիվանդությունների բաժնի ղեկավար Մարիա Վան Կերլխովեն:

«Մենք խոսում ենք բժշկական, վիրաբուժական դիմակների մասին: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս դիմակներ կրել արդեն վարակված մարդկանց` նրանց, ովքեր արդեն շնչառական ախտանիշներ ունեն: Եվ դրա պատճառը վիրուսը մեկ ուրիշին փոխանցելը կանխելն է»,- ասել է նա: ԱՀԿ փորձագետները նաեւ խորհուրդ են տալիս ձեռքերը մանրակրկիտ լվանալ եւ փորձել չկպնել դեմքին, քանի որ վարակը փոխանցվում է նաեւ այս եղանակով:

Ինչ վերաբերում է բժշկական դիմակներին, մասնագետները բազմիցս նշել են, որ դրանք կրելն արդյունավետ միջոց չէ կորոնավիրուսով կամ որեւէ այլ վիրուսով վարակվելը կանխարգելման համար, մանավանդ, երբ խոսքը սովորական վիրաբուժական դիմակների մասին է: Սակայն, չնայած դրան, խուճապի մեջ շատ մարդիկ բժշկական դիմակներ գնում եւ հավաքում են դրանք, ինչի պատճառով աշխարհի շատ քաղաքներում դիմակները վերջացել են, իսկ դրանց գները` բարձրացել, ինչպես միջազգային մակարդակով, այնպես էլ սովորական դեղատներում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում