4.5 տարեկան Անգելինան վերակենդանացման բաժանմունքում է. մանրամասներ Հայաստանում «արհեստական ձախ փորոք» կոչվող սարքի տեղադրման առաջին վիրահատության մասին

9 մարտի, 2020  17:40

Հայաստանում «արհեստական ձախ փորոք» կոչվող սարքի տեղադրման առաջին վիրահատությունը հաջող է անցել: Պացիենտը՝ 4.5 տարեկան Անգելինան, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում է: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Այս մասին լրագրողներին հայտնեցին սրտավիրաբույժ, առողջապահության նախարարի՝ սրտավիրաբուժության հարցերով խորհրդական Գագիկ Հեբոյանն ու սրտաբան Հովհաննես Մուրադյանը:

6 ամսականում աղջկա մոտ վիրուսային հիվանդություն է սկսվել, ինչի պատճառով նրա մոտ միոկարդիտ է զարգացել, ապա՝ կարդիոմիոպատիա՝ ծանր եւ վտանգավոր հիվանդություն, ինչի հետեւանքով սրտամկանը սկսում է չկատարել իր հիմնական ֆունկցիաները:

Դեղորայքային բուժումն անարդյունավետ է եղել, եւ աղջկա վիճակը վատթարացել է: Վիրահատության ժամանակ նրա մոտ սրտի կանգ է տեղի ունեցել, սակայն երկարատեւ վերակենդանացման միջոցառումների շնորհիվ հաջողվել է կրկին աշխատացնել սիրտը:

Ինչպես պատմեց «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի (որտեղ կատարվել է վիրահատությունը-խմբ.) ղեկավար Միքայել Ադամյանը՝ սարքն արտադրել է Medtronic ընկերությունը: Վիրահատությունն արժեցել է 100 000 դոլար, այդ գումարի 70%-ը հավաքվել է 2 օրում շնորհիվ ֆանդրեյզինգի: Մյուս 30%-ն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով վճարել են պետբյուջեից:      

Վիրահատությունը, որը կատարել են 4 սրտավիրաբույժներ, այդ թվում հայտնի սրտավիրաբույժ Հրայր Հովակիմյանը, որն այժմ գտնվում է Հայաստանում, տեւել է մոտ 8 ժամ: Սարքը կանոնավոր աշխատում է: Սակայն աղջիկը խնդիրներ ունի նաեւ աջ փորոքի եւ թոքերի հետ:Երեխայի համար հիվանդանոցում թոքերի արհեստական օդափոխման սարքավորում են միացրել: Այժմ երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Մասնագետների խոսքով՝ սարքի տեղադրումը երկարատեւ լուծում էր փոքրիկ Անգելինայի համար:

Հայաստանում նախկինում երբեք նման վիրահատություն չէր կատարվել: Սակայն մասնագետները հուսով են, որ բոլոր հարցերը կարելի է մոտ ապագայում լուծել, եւ հենց այդ ժամանակ Հայաստանում հնարավոր կլինի սրտի առաջին փոխպատվաստումը կատարել: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում