Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան 4634 դեպք. ԱՀԿ-ն հայտարարել է աշխարհում կորոնավիրուսի համավարակ

12 մարտի, 2020  10:31

Աշխարհում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսի հետեւանքով մահվան 4634 եւ դրանով վարակման 126 369 դեպք: Կորոնավիրուսի հետեւանքով մահացությունը կրկին սկսել է աճել, եւ վերջին մեկ օրում գրանցվել է մահվան 334 նոր դեպք:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է աշխարհում կորոնավիրուսի համավարակ:

Հայաստանում մարտի 11-ի երեկոյան ախտորոշել են կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում: Վարակվածներն են Հայաստանի 2 քաղաքացի (45 եւ 27 տարեկան) եւ Իտալիայի մեկ քաղաքացի (51 տարեկան), որն աշխատում է Հայաստանում: Նրանք ժամանել են Իտալիայից: Վերջինը եւ Հայաստանի քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն: Հայաստանի երկրորդ քաղաքացու մոտ թոքաբորբ է: Պացիենտները հաշվառվել են ժամանելու պահից:

Այս պահին Հայաստանում կորոնավիրուսով ընդհանուր 4 պացիենտ կա:

Ինչ վերաբերում է մյուս երկրների տվյալներին՝ ամենաշատ դեպքերը նախկինի պես Չինաստանում են (80 796), որտեղից էլ սկսվել է համավարակը, Իտալիայում (12 462), Իրանում (9000) եւ Հարավային Կորեայում (7869): Իրավիճակը բարդանում է նաեւ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում եւ ԱՄՆ-ում, որտեղ նոր դեպքերի թիվը նույնպես շարունակում է աճել:

Երկրները, որտեղ նոր կորոնավիրուսը չի հայտնաբերվել կամ հայտնաբերվել է 10-ից պակաս դեպք, պետք է անհրաժեշտ ամեն ինչ անեն իրենց մոտ COVID-19-ի բռնկում թույլ չտալու համար, Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում