Ուղեղի ծանր վնասվածքների եւ դրա հետեւանքների մասին շատ է խոսվում, սակայն թեթեւ եւ միջին բարդության վնասվածքներին անհամեմատ քիչ ուշադրություն է դարձվում: Վերջերս իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ դրանք եւս կարող են օրգանի զանգվածի եւ կոգնիտիվ կարողությունների վրա շոշափելի ազդեցություն ունենալ, հաղորդում է FoxNews-ը:
Իսկ ուղեղի ցնցման դեպքերի 90 տոկոսի պարագայում վնասվածքը հենց թույլ կամ միջին բարդության է գնահատվում:
Մեծ Բրիտանիայում գտնվող Նյուքասլի համալսարանի գիտահետազոտական խմբի անդամները մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի մեթոդներից մեկը՝ դիֆուզիոն-տենզորային պատկերում են նախաձեռնել ուղեղի վնասվածք ստացած հիվանդների շրջանում՝ կոնտրաստի եւ պայծառության ցուցանիշների օգնությամբ օրգանի առողջական վիճակը ստուգելու նպատակով: Խոսքը, մասնավորապես, ուղեղի տարբեր հատվածների աշխատանքը կոորդինացնող սպիտակ զանգվածին է վերաբերում. կառուցվածքային փոփոխությունների դեպքում այն տարբերակվող պայծառությամբ է պատկերվում:
Հետազոտությունը գրեթե նույն տարիքի եւ կրթական մակարդակն ունեցող, ուղեղի թեթեւ վնասվածք ստացած՝ 44, միջին բարդության վնասվածք ունեցող՝ 9 եւ միանգամայն առողջ՝ 33 մարդկանց շրջանում է իրականացվել` պատահարից մեկ շաբաթ անց: Բացի այդ, մասնակիցները կոգնիտիվ ունակությունները ստուգող թեստ են հանձնել:
Կոգնիտիվ թեստը երեք հիմնական ուղղություններով է իրականացվել՝ աչքի շարժունակություն, բանավոր ակտիվություն եւ ընդհանուր շարժունակություն:
Փորձագետները պարզել են, որ վնասվածք ստացած բոլոր մասնակիցների մոտ ուղեղի բազմաթիվ կոգնիտիվ գործառույթների, ներառյալ՝ խոսքի եւ հիշողության համար պատասխանատու հատվածների աշխատանքը կոորդինացնող սպիտակ զանգվածի կառուցվածքային փոփոխություն է նկատվում:
Հետաքրքրական է, որ ուղեղի թեթեւ վնասվածք ստացած մարդիկ կարող են չպատկերացնել անգամ, որ կոգնիտիվ բնույթի խնդիրներ ունեն: Հատկապես, որ մեկ տարի անց դրանք մեծ ի մասամբ վերանում են, ինչպես որ ուղեղի սպիտակ զանգվածն է նախկին կառույցի գալիս: Սակայն լինում են դեպքեր, երբ 12 ամիս անց հետադարձ փոփոխություն չի նկատվում, ինչը, փորձագետների գնահատմամբ, այլեւս անդառնալիության նշան է: Այդուհանդերձ, ուղեղն այնքան ճկուն է, որ կարող է փոփոխված կոորդինացիոն կառույցի պարագայում անգամ համապատասպան ռազմավարություն մշակել՝ կոգնիտիվ կարողությունները վերականգնելու նպատակով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում