Չինացի գիտնականները շաքարախտի բուժման նոր միջոց են առաջարկել

24 մարտի, 2020  23:46

Շանհայի կենսաքիմիայի եւ բջջային կենսաբանության ինստիտուտի գիտնականները կրծողների ցողունային բջիջներից աճեցրել են ենթաստամոքսային գեղձի ոչ մեծ հատվածներ (այսպես կոչված՝ օրգանոիդներ)։ Մասնագետների կարծիքով, դա կարեւոր առաջընթաց է շաքարախտի բուժման հարցում։ 

Համաձայն Xinhua-ի, ցողունային բջիջներն առանձնացվել են հասուն տարիքի մկների մոտ՝ ենթաստամոքսային գեղձի կղզյակներում (դա ինսուլին արտադրող բջիջների կուտակում է)։ Խիստ վերահսկվող միջավայրում գիտնականները բջիջներին «ստիպել են» ձեւավորել կղզյակներ։ Ցողունային բջիջները կարող էին ձեւափոխվել ենթաստամոքսային գեղձի ցանկացած տիպի կղզյակի։

Պարզվել է, որ իրենց գործառույթներով եւ մորֆոլոգիայով արհեստական կղզյակային օրգանոիդները շատ նման են իսկականներին։ Երբ հետազոտողներն այդ օրգանոիդները պատվաստել են շաքարախտ ունեցող մկներին, նրանց արյան մեջ գլյուկոզայի մակարդակը նորմալացել է, իսկ շաքարախտի ախտանիշներն անհետացել են։

Ներկայումս կղզյակների փոխպատվաստումը համարվում է շաքարախտի բուժման բավականին արդյունավետ մոտեցում։ Սակայն դոնորների քանակի լուրջ պակաս կա։ Լաբորատոր պայմաններում կղզյակների աճեցումը կարող է լուծել այս խնդիրը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում