Կորոնավիրուսը եւ քաղցկեղային հիվանդությունները․ ռիսկի գործոններ

28 մարտի, 2020  23:31

Որքանո՞վ է բարձր քաղցկեղով պացիենտների վարակվելու հնարավորությունը կորոնավիրուսով։ Ո՞ր գործոններն են մեծացնում այդպիսի պացիենտների վարակման ռիսկը։ Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է JAMA Oncology-ում, որոշ պատասխաններ է տվել այս հարցերին։

Հետազոտության հեղինակները հետեւել են քաղցկեղով հիվանդ ավելի քան 1500 պացիենտների, որոնք 2019թ․ դեկտեմբերի 30-ից մինչեւ 2020թ․ փետրվարի 17-ը բուժվել են Ուհանի համալսարանի հիվանդանոցում։

Այդ պացիենտների 0,79 %-ը վարակվել է COVID-19-ով։ Գիտնականների տվյալներով՝ նրանց վարակվելու ռիսկը մոտ երկու անգամ ավելի բարձր է եղել, քան վարակվելու միջին ռիսկը (0,37 %) Ուհանում այն ժամանակ։ Ավելին, կորոնավիրուսով ավելի հաճախ վարակվել են 60-ից բարձր տարիք ունեցող քաղցկեղով պացիենտները։ Վարակվածների մեջ առավել տարածված քաղցկեղային ախտորոշումը եղել է թոքի ոչ մանր բջջային քաղցկեղը (58,3 %)։

Պացիենտների կեսից քիչը (5 մարդ, 41,7 %) քիմիաթերապիայի կամ ռադիոթերապիայի կուրս անցնելիս են եղել, երբ վարակվել են։ Մարտի 10-ի դրությամբ պացիենտների 50 %-ը (6 մարդ) դուրս է գրվել, 25 %-ը մահացել է։

Գիտնականների խոսքերով՝ քաղցկեղով պացիենտների վարակման վտանգը COVID-19-ով ավելի մեծ է եղել, քանի որ նրանք հաճախ են հիվանդանոց այցելել։ Մասնագետները նշում են, որ այդպիսի պացիենտներին անհրաժեշտ է առավելագույն մեկուսացում՝ բուժաշխատողները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի քաղցկեղով պացիենտները հնարավորինս հազվադեպ այցելեն հիվանդանոցներ համավարակի ժամանակ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում