Հազվագյուտ հիվանդության պատճառով կինը ստիպված է մթության մեջ ապրել եւ նույնիսկ տանը արեւապաշտպան քսուք գործածել

9 ապրիլի, 2020  23:27

Բրազիլական Ֆորտալեզա քաղաքից 29-ամյա Կարին դե Սոուզան տառապում է մաշկի հազվագյուտ հիվանդությամբ, որի պատճառով ստիպված է ապրել մթության մեջ եւ անգամ տանն օգտվել արեւապաշտպան քսուքից:

Daily Mail պարբերականը հայտնում է, որ դեռեւս 3 տարեկանում աղջկան ախտորոշել են պիգմենտային կսերոդերմա՝ ժառանգական ծանր հիվանդություն, որը մաշկը չափազանց զգայուն է դարձնում ուլտրամանուշակագույն ճառագայթման հանդեպ:

Նրա մաշկի վրա ուլտրամանուշակագույնի ցանկացած ազդեցություն կարող է բերել քաղցկեղի զարգացման, ուստի Կարինը ստիպված է օգտվել ամենահզոր արեւապաշտպան քսուքներից եւ այն թարմացնել յուրաքանչյուր 2 ժամը մեկ, իսկ տան վարագույրները մշտապես փակ են: Կարինը փողոց կարող է դուրս գալ միայն երեկոյան կամ անձրեւոտ օրերին, այն էլ միայն բժշկին այցելելու նպատակով:

Կինն արդեն 130 վիրահատության է ենթարկվել, որոնց ընթացքում մասնագետները հեռացրել են մաշկի արեւից վնասված հատվածները: Նրանք ստիպված էին հեռացնել նաեւ պացիենտի վերին շրթունքն ու քթի մի մասը:

Չնայած բոլոր դժվարություններին, Կարինը փորձում է պահպանել դրական տրամադրվածությունը: Նրան շատ է աջակցում ամուսինը՝ Էդմիլսոնը, որի հետ ծանոթացել է 3 տարի առաջ համացանցում. տղամարդուն նվաճել է բրազիլուհու կյանքի պատմությունն ու ներքին ուժը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում