Կրծքով կերակրող կանայք հազվադեպ են բախվում ձվարանների քաղցկեղին. հետազոտություն

24 ապրիլի, 2020  09:47

Թեկուզ մի քանի ամիս կրծքով կերակրելը նվազեցնում է ձվարանների ամենաագրեսիվ քաղցկեղային ուռուցքների զարգացման հավանականությունը: Այս մասին նշված է հետազոտությունների ամփոփ ակնարկում, որը հրապարակվել է JAMA Oncology-ում:

Ակնարկի հեղինակները վերլուծել են 13 հետազոտությունների տվյալները, որոնցում հետազոտվել են ձվարանների քաղցկեղի 10 հազար դեպքեր եւ հսկիչ խմբից գրեթե 15 հազար առողջ կանայք:

Ինչպես պարզվել է, ցանկացած ժամանակահատվածով կրծքով կերակրելը ձվարանների քաղցկեղի հավանականությունը նվազեցրել է 24 տոկոսով՝ կրծքով ընդհանրապես չկերակրելու հետ համեմատած: Ընդ որում՝ ավելի զգալի է նվազել ամենաագրեսիվ քաղցկեղային ուռուցքների զարգացման հավանականությունը:

Ամփոփ ակնարկում նաեւ ցույց է տրված, որ կինը որքան երկար է կրծքով կերակրում, այնքան ցածր է ձվարանների քաղցկեղի զարգացման հավանականությունը: Մեկից մինչեւ երեք ամիս կերակրելու դեպքում այդ հավանականությունը նվազում է 18 տոկոսով, մեկ տարուց ավելի կերակրելու դեպքում՝ 34 տոկոսով: Ավելին՝ այս կապը պահպանվում է տասնյակ տարիների ընթացքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում