Հայաստանում առաջարկվում է ստեղծել ներհիվանդանոցային բազա և ըստ անհրաժեշտության անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին գործուղել տարբեր ԲԿ-ներ

30 մայիսի, 2020  23:32

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է հանրապետության մի շարք բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքների ղեկավարներին։ Նախարարը հանդիպման սկզբում ասել է, որ կորոնավիրուսային հիվանդության բուժման մեթոդները պետք է նույնականացնել և կիրառել միանման մոտեցումներ, իհարկե, հաշվի առնելով հիվանդի բժշկական պատմությունը։ «Ուզում եմ նաև լսել, թե ինչ պետք է անել այլ կերպ, քան հիմա արվում է»,- նշել է Արսեն Թորոսյանը։Ներկաները քննարկել են կիրառվող գործելակարգերը, ընդհանուր մոտեցումները և ներկայացրել են իրենց դիտարկումները պացիենտների վարման վերաբերյալ։Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներն այսօր առավել քան պահանջված են, և լրացուցիչ մասնագետների ներգրավման անհրաժեշտություն կա։ Ոլորտի պատասխանատուներն առաջարկել են ստեղծել ներհիվանդանոցային բազա և ըստ անհրաժեշտության ու պացիենտների կուտակումների՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին գործուղել կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող բժշկական հաստատություններ։ Ծառայության պատասխանատուների կողմից առաջարկվել է ստեղծել նաև մշտադիտարկում իրականացնող մասնագիտական խումբ, ովքեր բժշկական կազմակերպություններում կուսումնասիրեն բուժական գործընացը, կիրառովող մեթոդները և այլն։ Քննարկվել է նաև հանրապետության առաջատար մասնագետների ներգրավմամբ կազմակերպել տեսակապով քննարկումներ, այդ թվում մասնագիտական խորհրդատվություններ և առանձին դեպքերով կոնսիլիումներ։ Նախարարը հավանության է արժանացրել առաջարկը և հանձնարարել է ձեռնարկել միջոցառումներ առաջիկայում իրագործելու համար։Ամփոփելով հանդիպումը որոշվել է ևս մեկ անգամ քննարկել արդեն իսկ հաստատված բուժման սկզբունքները, համապատասխանեցնել նոր մոտեցումներին՝ դիտարկելով բոլոր կողմերի մասնագիտական կարծիքները։ Նախարար Արսեն Թորոսյանը, կարևորելով մասնագետների հետ քննարկումը, հույս է հայտնել, որ այս ձևաչափով հանդիպումները շարունակական են լինելու։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում