Ջրազրկումը կարող է քաշի ավելացման հանգեցնել

23 հուլիսի, 2014  23:45

Մարդու օրգանիզմում ջրի բաղադրության նորմայից ցածր լինելու դեպքում միներալների (աղերի ու շաքարի) հավասարակշռության խախտում է առաջանում, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ տարբեր գործառույթների վրա: Ջրի պակասի արդյունքում օրգանիզմը կարող է սթրեսի ենթարկվել, ինչն էլ, իր հերթին, հավելյալ քաշի եւ տարատեսակ հիվանդությունների առաջացման սպառնալիք է պարունակում: Ջրազրկված օրգանիզմը էներգիայի պակաս է զգում, ուստի կարող է քաղցի «կեղծ» զգացում հրահրել: Ուստի զարմանալի չէ, որ երբեմն ընդամենը մեկ բաժակ ջուր խմելու փոխարեն քաղցը հագեցնելու համար ստիպված ենք սովորականից շատ սնվել:

Ջրազրկումը կարող է նաեւ մի շարք հիվանդությունների զարգացման խթան հանդիսանալ: Դրանցից առավել արդիական են արտաթորման համակարգին վերագրվող հիվանդություններն ու ասթման, հաղորդում է The Huffington Post-ը: Ջրի պակասի պարագայում օրգանիզմում տոքսիններ եւ թթվային մնացորդներ են հավաքվում, քանի որ երիկամներն ի վիճակի չեն իրենց գործառույթն արդյունավետ կերպով իրականացնել: Արդյունքում մանրէների տարածման համար իդեալական պայմաններ են ստեղծվում, ինչը երիկամների եւ միզապարկի բորբոքման սպառնալիքով է հղի:

Ջրազրկման պարագայում, հնարավորինս շատ հեղուկ պահպանելու նպատակով, նաեւ շնչուղիների կրճատում է նկատվում: Միաժամանակ, ալերգիկ ռեակցիա հրահրող հիստամինների արտազատման ծավալների երկրաչափական պրոգրեսիայով աճ է գրացվում:

Մարդու օրգանիզմի երկու երրորդ մասը ջուրն է կազմում: Այն կենսական նշանակություն ունի մաշկի, հոդերի, աչքերի, մարսողական համակարգի առողջության եւ օրգանիզմի՝ տոքսիններից եւ թթվային մնացորդներից մաքրման տեսանկյունից:

Վերոհիշյալ բարդություններից խուսափելու համար չափահաս մարդն օրական շուրւ 1,5 լ ջուր պետք է խմի: Որպես այլընտրանք, կարելի է նաեւ ջրի բարձր բաղադրությամբ եւ վիտամիններով ու միներալներով հարուստ սննդամթերք ընդունել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում