D վիտամինը կարող է մեծացնել COVID-19-ով պացիենտների ապրելիությունը

19 հունիսի, 2020  09:41

Մեծ Բրիտանիայի Առողջապահության եւ առաջավոր փորձի ազգային ինստիտուտի մասնագետները դիտարկում են D վիտամինի կիրառման հնարավորությունը որպես կորոնավիրուսի դեմ էժան եւ արդյունավետ միջոց: Կարծիք կա, որ կորոնավիրուսով մարդկանց մահանալու հավանականությունն ավելի մեծ է, եթե D վիտամինի անբավարարություն ունեն: Հնարավոր է, որ այս վիտամինի պակասի լրացումը կարող է բարելավել պացիենտների ապրելիության ցուցանիշները:

Վիճակագրության համաձայն՝ D վիտամինի ավելի ցածր մակարդակ ունեցող եվրոպական երկրներում COVID-19-ով պացիենտների հետ կապված իրավիճակն ընդհանուր առմամբ ավելի վատթար է, հայտնում է The Daily Mail-ը: Փորձագետները մտավախություն ունեն, որ ինքնամեկուսացումը հանգեցրել է այս վիտամինի մակարդաի ավելի մեծ նվազման եւ մարդկանց է՛լ ավելի խոցելի է դարձրել այս ինֆեկցիայի հանդեպ:

Համարվում է, որ որոշ էթնիկ խմբեր մյուսներից ավելի շատ են վտանգված, քանի որ նրանց մաշկը քիչ է վիտամին արտադրում ի պատասխան արեւի լույսի ազդեցության: Տարեցները եւս ռիսկի խմբում են, այդ թվում՝ այն պատճառով, որ տարիքին զուգահեռ օրգանիզմը սկսում է պակաս արդյունավետությամբ արտադրել D վիտամինը:

Մարիա թագուհու համալսարանի մասնագետներն իրենց հերթին հիմա ուսումնասիրում են, թե ինչպես են կենսակերպի որոշակի գործոնները, ներառյալ D վիտամինի մակարդակը ազդում վիրուսի հանդեպ ընկալունակության վրա: Ապացուցվել է, որ այս վիտամինը պաշտպանում է սուր շնչառական ինֆեկցիաներից, իսկ COVID-19-ը առավել լրջորեն է ախտահարում տարեցներին, D վիտամինի առավել մեծ դեֆիցիտով խմբին:

Մեկ այլ հետազոտություն նաեւ ցույց է տվել, որ D վիտամինի ցածր մակարդակով մարդկանց շրջանում մահացության մակարդակը կազմել է 98,9 տոկոս: Այդուհանդերձ, այս ցուցանիշը նվազել է մինչեւ 4,1 տոկոս վիտամինի դեֆիցիտ չունեցող մարդկանց համար:

Մասնագետները, սակայն, զգուշացնում են, որ վիտամինի մեծ դեղաչափերը կարող են վտանգավոր լինել, ուստի խորհուրդ չի տրվում վիտամինն ընդունել առանց բժշկի հետ խորհրդակցելու:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում